Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելական բանակը նախապատրաստվում է ցամաքային գործողության համար. մարտերը դեռ հեռահար են ընթանում․ ՀԺ

Իսրայելական բանակը նախապատրաստվում է ցամաքային գործողության համար. մարտերը դեռ հեռահար են ընթանում․ ՀԺ
Միջազգային
11:31, 13 май 2021
Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ: Այս մասին այսօր ասել է իսրայելական բանակի խոսնակ Յոնաթան Կոնրիկուսը:

Դրանցից շուրջ 400-ը ընկել են անկլավի ներսում, «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը 90% է, ավելացրել է նա:

Թել Ավիվը, իր հերթին, գրոհել է սրման սկզբից ի վեր Համասի և Իսլամական ջիհադի շուրջ 600 ռազմական թիրախներ:

Վերջին տարիների պաղեստինա-իսրայելական հակամարտության ամենաթեժ փուլը շարունակվում է, փոխադարձ հրթիռային  հարվածները՝ նույնպես: Մարտերն առայժմ ընթանում են միայն հեռահար հրթիռային համակարգերով՝ առանց կենդանի ուժի:

Իսրայելական բանակն արդեն տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում ցամաքային գործողության համար, սակայն մինչ օրս դրա անցկացման հրաման չի եղել:

«Գազայի դիվիզիայի զորքերը նախապատրաստման տարբեր փուլերում են, ներառյալ գլխավոր շտաբի ղեկավարության ցուցումները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,-ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հնարավորության մասին լրագրողների հարցին:

Իսրայելի խոշոր քաղաքներում գիշերվա ընթացքում հրթիռակոծությունները շարունակվել են, մի քանի անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը: Բացի Թել Ավիվից, վերջին ժամերի ընթացքում ազդանշաններ են հնչել  նաև Թել Ավիվից հարավ գտնվող Ռիշոն Լե- Ցիոնում, Գուշ Դանի կենտրոնական շրջանում, ինչպես նաև հարավում ՝ Աշխելոնում և Աշդոդում:

Չինաստանը, Նորվեգիան և Թունիսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ են արել նոր արտակարգ հանդիպում անցկացնել Իսրայելի և Գազայի հատվածի միջև լարվածության կապակցությամբ, գրում է France Press-ը ՝ հղում անելով աղբյուրներին:
Նախատեսվում է բանակցություններում ներգրավել Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչներին:

Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ում РИА Новости-ի աղբյուրի, ԱՄՆ-ը դեմ է Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարության ընդունմանը: