Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինիի, Եվրոպական խորհրդարանի անդամ Կարլո Ֆիդանցայի հայտարարությունները սահմանային վերջին միջադեպի կապակցությամբ

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինիի,  Եվրոպական խորհրդարանի անդամ Կարլո Ֆիդանցայի հայտարարությունները սահմանային վերջին միջադեպի կապակցությամբ
Միջազգային
16:25, 15 май 2021
«Խոր մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության», – հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցան: «Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

«Հռոմում Հայաստանի դեսպանի բարձրաձայնած տագնապի կոչը չի կարող անպատասխան մնալ: Ճի՞շտ է, որ երեկ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի պետական սահմանը: Դա կլիներ հերթական սադրանքը Թուրքիայի դիվանագիտական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի ժողովրդավարական և քրիստոնեական հանրապետության: Հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն ընդհանուր առմամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն մասնավորապես, անհապաղ կարձագանքեն դեսպան Համբարձումյանի կոչին` ի պաշտպանություն միջազգային իրավունքի: Նա, ով ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում և սնուցում է ռազմական էսկալացիայի վտանգը» – հայտարարում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինին։