Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին
Միջազգային
19:37, 15 май 2021
Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ: Այս մասին հայտնում է apa.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ-ից APA-ին հայտնել են, որ, կապված ադրբեջանահայկական սահմանին տիրող լարվածության հետ՝ Բայրամովը ասել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում, և այդ գործընթացն իրականացվում է կանոնավոր կերպով։

Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ուղղած դիմումը հիմքեր չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ:

Բայրամովը շեշտել է, որ «լարվածությունը պետք է լուծվի քաղաքական և բանակցային ճանապարհով»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: