Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը. Ռայան Քեմփբել

ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը. Ռայան Քեմփբել
Միջազգային
18:32, 22 май 2021
ԱՄՆ-ն խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը՝ աշխատելով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանո ներքո։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ֆորումի բացմանն այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը։

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նշում է անվտանգության կարևորությունն այս տարածաշրջանում:

«Այս շաբաթվա սկզբին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման սկզբունքներին: ԱՄՆ-ն նաև խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը՝ աշխատելով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասել է նա:

Ռայան Քեմփբելը նշել է, որ անցած տարին դժվար էր կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից:

«Համավարակը մարտահրավեր է դարձել համընդհանուր անվտանգության ապահովման համար, որն ազդել է բոլոր պետությունների վրա, բայց, միևնույն ժամանակ, այն միավորել է մեզ և ընդգծել համագործակցության և գործընկերության կարևորությունը»,- ընդգծել է դիվանագետը:

Համավարակի բռնկումից հետո ԱՄՆ կառավարությունը 11 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարի համար։ Այս օգնությունը, ըստ Քեմբելի, օգնել է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նախապատրաստել համակարգը լաբորատոր հետազոտությունների համար և աջակցել տեխնիկական փորձագետներին՝ արձագանքելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ծանր դեպքերը մեղմելու համար: