Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն առաջիկա շաբաթներին Ադրբեջան կայցելի

Էրդողանն առաջիկա շաբաթներին Ադրբեջան կայցելի
Միջազգային
12:23, 24 май 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթներին այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մակարդակով քննարկումներ են ընթանում՝ ինչպես պլանավորել Ադրբեջանի «ազատագրված» տարածքներում վերականգնողական ու ռեստավրացիոն աշխատանքները»,- ասել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ Արցախի գրավյալ տարածքներում ենթակառուցվածքային ու վերակառուցման աշխատանքներին զուգահեռ՝ առաջին հերթին կարևոր է պատմական ու մշակութային նշանակություն ունեցող հուշարձանների ռեստավրացիան։

«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջան կատարելիք այցից հետո մեր գործունեությունը Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ ավելի կակտիվանա։ Մշակութային ու պատմական հուշարձանների  ռեստավրացիան ու պահպանությունը կարճ ժամկետներում նույնպես խթան կհանդիսանա տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար»,- ասել է Էրսոյը։

Հարկ է նշել, որ, ըստ երևույթին, այս այցի շրջանակում է Թուրքիայի նախագահն այցելելու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաք․ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռամազանից հետո պատրաստվում է այցելել Շուշի։