Քաղաքացիակենտրոն
լրատվություն

55+ տարիքի անձիք կկարողանա՞ն մեկնել ՌԴ, եթե պատվաստվելու են Աստրա Զենեկա պատվաստանյութով

55+ տարիքի անձիք կկարողանա՞ն մեկնել ՌԴ, եթե պատվաստվելու են Աստրա Զենեկա պատվաստանյութով
Միջազգային
18:22, 24 май 2021
Արդյո՞ք արտերկրում օտարերկրացիների մուտքն իրենց երկիր սահմանափակելու են՝ ըստ կորոնավիրուսի դեմ պատվաստված պատվաստանյութերի տեսակների։ Այս հարցին ի պատասխան Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, նշեց, որ դեռևս որևէ երկիր նման սահմանափակում չի դրել․ «Չկա երկիր, որ, օրինակ, ասի՝ դու Սպուտնիկով ես պատվաստվել՝ չես կարող գալ ինձ մոտ, կամ, Աստրա Զենեկայով ես պատվաստված՝ չես կարող գալ իմ երկիր․ նման սահմանափակում, առայժմ, չկա արտերկիր մեկնելու դեպքում։ Հետո երկրները ի՞նչ կորոշեն  անահատապես, չեմ կարող ասել»։
 
Այս հարցը շատ արդիական է Հայաստանում, քանի որ շատ են 55+ տարիքի մարդիկ, ովքեր անհրաժեշտություն ունեն մեկնելու ՌԴ՝ աշխատանքի բերումով, սակայն, ինչպես գիտենք, այս տարիքի անձիք Հայաստանում կարող են պատվաստվել միայն Աստրա Զենեկա և Կորոնա Վակ տեսակի պատվաստանյութերով։ Սա շատերի մոտ է հարցեր առաջացնում, քանի որ վստահ չեն՝ արդյո՞ք Ռուսաստանը կընդունի իր երկրում մարդկանց, ովքեր բացի Սպուտնիկ Վ-ին այլ պատվաստանյութով են պատվաստվել։
 
Հիշեցնենք, որ Սպուտնիկ Վ-ն դեռևս գրանցված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) կողմից։ Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն Աստրա Զենեկան է հաստատված  ԱՀԿ-ի կողմից։ Սպուտնիկի գրանցումը, սակայն, կազմակերպությունում պատրաստվում են շուտով քննարկել։
 
Ըստ ԱՆ խոսնակի, սակայն,  պատվաստանյութերը կիրառելու համար ԱՀԿ-ի կողմից հաստատումը շատ կարևոր է, բայց գրանցումը ամենևին էլ պարտադիր չէ, քանի որ օգտագործման համար բոլոր պատվաստանյութերը ստանում են “emergency use” կարգավիճակը, այսինքն՝ շտապ, արտակարգ իրավիճակներում օգտագործման կարգ են ստանում։
 
Խոսնակի փոխանցմամբ Հայաստանը ընդունում է բոլոր պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիներին․ «Ավելին, ՀՀ-ն ասել է, որ, եթե դուք պատվաստված եք՝ երկու դոզան էլ ստանալով, կարող եք առանց ՊՇՌ թեստի մտնել Հայաստսան։ Եթե պատվաստված չեք, Հայաստանը դրել է պահանջ՝ մուտքը իրականացնել ՊՇՌ թեստի բացասական արդյուքներով»։
 
Հիշեցնենք, որ մարդը համարվում է պատվաստված, եթե ստացել է պատվաստանյութի երկու դոզան ։