Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերգեյ Լավրովը Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել

Սերգեյ Լավրովը Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել
Միջազգային
10:35, 25 май 2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության: 

«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։