Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացին

ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացին
Միջազգային
16:55, 28 май 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Պոպովը, Ֆրանսիայից՝ Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Էնդրյու Շոֆերը) հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների գերեվարմանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Համանախագահներն անդրադարձել են մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների ձերբակալված լինելու մասին հաղորդագրություններին և կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:

Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան կալանավորված անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են անում անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության հասանելության բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են անում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները նաև մտահոգությամբ նշում են Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ գծանշված հատվածում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջին մի քանի հաղորդագրությունները:Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալ զորքերի վերատեղակայումը, իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ ճանապարհով սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցությունները սկսելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի դրույթները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա ՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերամիավորվել իրենց հովանու ներքո»,- ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ: