Անհաջող կատակ է ապրիլի 1-ից ՄԱԿ-ի ԱԽ նախագահության անցումը Ռուսաստանին. Դմիտրի Կուլեբա

Միջազգային
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ապրիլի 1-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահության անցումը Ռուսաստանին անվանել է անհաջող կատակ։ «Ապրիլի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը անհաջող կատակ է»,- գրել է նա Twitter-ում։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «աշխարհը չի կարող անվտանգ վայր լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հետ»։ Ապրիլի 1-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ռոտացիոն հիմունքով անցնում է Ռուսաստանի Դաշնությանը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր նախագահության ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը դեռ չի ծրագրում անցկացնել նիստեր Ուկրաինայի հարցով։