Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփին կարող են շուտով կալանավորել. Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի ընտրություններից առաջ պոռնոաստղին լռության դիմաց վճարելու համար

Թրամփին կարող են շուտով կալանավորել. Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի ընտրություններից առաջ պոռնոաստղին լռության դիմաց վճարելու համար
Միջազգային
11:02, 31 март 2023
Մանհեթեն շրջանի Մեծ ժյուրին հինգշաբթի օրը քվեարկել է Դոնալդ Թրամփին քրեական գործով մեղադրանք առաջադրելու օգտին, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով չորս աղբյուրների: Մի քանի ժամ անց այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է դատախազությունը։ Մեղադրողները հայտարարել են, որ կապ են հաստատել նախկին նախագահի փաստաբանների հետ՝ համաձայնեցնելու քաղաքական գործչի ձերբակալման ժամկետը։ Նրա պաշտպանների խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մոտակա երեքշաբթի։

Սպասվում է, որ Թրամփին կձերբակալեն, կլուսանկարեն ու մատնահետքեր կվերցնեն, որից հետո դատավորը կորոշի խափանման միջոցը։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, որտեղ գտնվում է Թրամփի նստավայրը, հայտարարել է, որ նահանգը չի արձագանքի արտահանձնման խնդրանքին, եթե այն ուղարկվի Նյու Յորքի դատախազության կողմից: Մեղադրանքի տեքստը կհրապարակվի մի քանի օրվա ընթացքում՝ շրջանային դատախազի որոշմամբ։

Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ծանր հոդվածով՝ մեղադրանքը վերաբերում է 130.000 դոլար վճարելուն լռության դիմաց, որը 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը ստացել է Թրամփի իրավաբաններից։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հերքում է ինչպես կապը Դենիելսի հետ, այնպես էլ իր առնչությունը նրա կողմից ստացված վճարումներին։

Ի պատասխան NYT-ի հրապարակման՝ նա դա համարել է քաղաքական հետապնդում և հայտարարել, որ «դեմոկրատներն արել են անմտություն՝ անմեղ մարդուն մեղադրելով ընտրությունների վրա ազդելու բացահայտ փորձի մեջ»։ CNN-ը, հղում անելով գործին ծանոթ երկու աղբյուրների, գրում է, որ Թրամփի դեմ հարուցված գործում կա մեղադրանքի ավելի քան երեսուն կետ՝ կապված խարդախության հետ։