Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե պետք լինի, մենք Պուտինի հետ Բելառուսում կտեղակայենք նաև ռազմավարական միջուկային զենք». Լուկաշենկո

«Եթե պետք լինի, մենք Պուտինի հետ Բելառուսում կտեղակայենք նաև ռազմավարական միջուկային զենք». Լուկաշենկո
Միջազգային
18:34, 31 март 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է Բելառուսի տարածքում տեղակայել Ռուսաստանի ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական միջուկային զենք։ Այս մասին նա հայտարարել է բելառուս ժողովրդին և ազգային ժողովին հղված ուղերձը հրապարակելիս։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մտադրության մասին հայտարարել է մարտի 25-ին։ 

Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսական բանակն արդեն ստացել է ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է կրել միջուկային մարտագլխիկներ։ «Մեր վերափոխված ինքնաթիռները ևս կարող են միջուկային մարտագլխիկ կրել: Դուք Ռուսաստանի նախագահից լսել եք Բելառուսի տարածքում համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու համատեղ ծրագրերի մասին։ Պարզապես ուզում եմ հստակեցնել՝ բոլոր ենթակառուցվածքները ստեղծված են և պատրաստ են»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ»-ն։

«Եթե պետք լինի, մենք Պուտինի հետ կորոշենք և այստեղ կտեղակայենք նաև ռազմավարական միջուկային զենք։ Եվ սա պետք է հասկանան նրանք՝  սրիկաները, որոնք սահմանից այն կողմ այսօր փորձում են մեզ պայթեցնել ներսից ու դրսից։ Մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնի՝ պաշտպանելով մեր երկրները, մեր պետությունները և մեր ժողովուրդներին,- ասել է Լուկաշենկոն։- Եկեք գոնե այսպես ստիպենք նրանց հաշվի նստել մեր ժողովրդի հետ, եթե այլ լեզու չեն հասկանում»: