Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում Թուրքիային պատասխանատվություն ենթարկել կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար

ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում Թուրքիային պատասխանատվություն ենթարկել կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար
Միջազգային
15:16, 04 июнь 2021
ԱՄՆ մի խումբ օրենսդիրներ կոչ են արել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF) աշխատել գլոբալ գործընկերների հետ կայուն եւ համակարգված ջանքերով` կրոնական ազատության եւ մարդու իրավունքների պարբերական խախտումների համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Չնայած միջազգային դատապարտմանը` Թուրքիա պետությունը շարունակում է դավանանքի ազատության քրոնիկ, զարհուրելի եւ համակարգված խախտումները»,- հայտարարել են Կոնգրեսի անդամները: «Բացի այդ, թուրքական պետությունը շարունակում է մերժել Տիեզերական պատրիարքարանի իրավական կարգավիճակն ու ինքնությունը»:

Նամակում անդրադարձ է եղել նաեւ հին բյուզանդական Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածմանը եւ նշվել է, որ «Թուրքիայի կողմից 2020-ի հուլիսին Սբ. Սոֆիա տաճարը մզկիթի վերածումը Թուրքիայի պարտավորությունների խախտում է` միջազգային իրավունքի համաձայն եւ, մասնավորապես, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի ստորագրող երկրի»:

Մարտին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 170 անդամ նամակով հանդես եկան` կոչ անելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին պատասխանատվության ենթարկել Թուրքիային «մարդու իրավունքների կոպիտ խախտման» եւ «ժողովրդավարությունից շեղվելու» համար:

Տիեզերական պատրիարքարանի, հույն ուղղափառ քրիստոնյաների եւ այլ կրոնական փոքրամասնությունների կրոնական ազատությունների ոտնահարման համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծն ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել մայիսի սկզբին: