Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարարը ԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրուցել է ռազմագերիների վերադարձի հրատապության խնդրի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը ԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրուցել է ռազմագերիների վերադարձի հրատապության խնդրի շուրջ
Միջազգային
21:12, 19 февраль 2021
Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: 
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին: Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին ներկայացրեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: Որպես առաջնահերթություն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ Գլխավոր քարտուղարը շեշտեցին ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը: 
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը: