Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը մեծ սխալ է թույլ տվել». Թրամփը հրաժարվել է նրան անվանել ռազմական հանցագործ

«Պուտինը մեծ սխալ է թույլ տվել». Թրամփը հրաժարվել է նրան անվանել ռազմական հանցագործ
Միջազգային
13:55, 11 май 2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ի եթերում չի ասել, թե ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արդյոք համարո՞ւմ է ռազմական հանցագործ, և հայտարարել է, որ այդ հարցը «պետք է ավելի ուշ քննարկվի»։

«Եթե դուք ասեք, որ նա ռազմական հանցագործ է, շատ ավելի դժվար կլինի նրա հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր կնքել»,- ասել է նա։

Թրամփի կարծիքով՝ Պուտինը մեծ սխալ է թույլ տվել՝ ներխուժելով Ուկրաինա, սակայն հրաժարվել է կանխատեսումներ անել, թե ով կարող է հաղթել պատերազմում։ 

Թրամփը հերթական անգամ կրկնել է այն թեզը, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, կարող էր մեկ օրում դադարեցնել պատերազմը։
«Ես չեմ մտածում հաղթելու և պարտվելու մասին: Ես մտածում եմ ամեն ինչ հարթելու մասին: Նրանք մահանում են՝ ռուսներն ու ուկրաինացիները: Ես ուզում եմ, որ նրանք դադարեն մահանալ, և ես դա կանեմ 24 ժամում»: 

«Նրա (Պուտինի) սխալն այն էր, որ նա ներխուժեց այնտեղ։ Նա երբեք դա չէր անի, եթե ես լինեի նախագահ»,- հավելել է Թրամփը։