Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին
Միջազգային
14:14, 15 май 2023
«Բրյուսելյան ձևաչափով հանդիպումը, որը դադարեցվել էր 9 ամիս առաջ նախապայմանների առաջ քաշման և միջամտությունների տարբեր փորձերի պատճառով, կարևոր նշանակություն ունի կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խթանելու տեսանկյունից»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ նախօրեին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցությունների առնչությամբ։

«Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կազմակերպած հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքների վրա կենտրոնացած ենք համարում օրակարգի առաջմղման, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով... Հանդիպման ընթացքում կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:  

Հայտարարության մեջ նշվում է, որ «մասնավորապես առանձնահատուկ նշանակություն ունի պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հերթական հաստատումը, այս համատեքստում միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը Հայաստանի կողմից»։

«Հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց քննարկելու հումանիտար հարցեր, որոնք կարևոր են հետկոնֆիլտային կարգավորման տեսանկյունից։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվում է անհետ կորածների ճակատագրի պարզաբանման կարևորությունը, մասնավորապես նաև՝ ականազերծման ոլորտում միջոցառումների արագացման կարևորությունը։ 

Հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման ու հարգման հիման վրա, միակ միջոցն է ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու ջանքերը՝ հաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ, որոնք այդ նպատակն են հետապնդում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։