Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Human Rights Watch-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իբադօղլուին

Human Rights Watch-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իբադօղլուին
Միջազգային
10:46, 26 июль 2023
Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի կալանավորման կապակցությամբ և երկրի իշխանություններին կոչ է արել հանել նրա վրայից մեղադրանքները և ազատ արձակել նրան։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, որը տարածվել է հուլիսի 25-ի ուշ երեկոյան, նշվում է, որ ձերբակալության ժամանակ ոստիկանությունը դաժանաբար է վարվել Իբադօղլուի և նրա կնոջ հետ, որն այդ պահին եղել է նրա հետ։

«Իբադօղլուի կալանավորումը լիովին համապատասխանում է Ադրբեջանում կառավարության քննադատների դեմ կասկածելի մեղադրանքներ առաջադրելու հին սխեմային,- ասել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Գեորգի Գոգիան:- Այդպիսի կեղծ մեղադրանքները ծառայում են միայն մեկ նպատակի՝ լռեցնել երկրում ընդդիմության և քննադատաբար տրամադրված ձայները։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի»:

Ադրբեջանցի հայտնի քաղաքական գործիչ Իբադօղլուն 2014 թվականին սոցիալ-դեմոկրատական հարթակում ստեղծված Հանուն ժողովրդավարության և բարօրության ադրբեջանական շարժման նախագահն է, նշում է HRW-ն։ Իբադօղլուն 2021 թվականի փետրվարից փորձում է շարժումը գրանցել որպես քաղաքական կուսակցություն:

«2023 թվականի հունիսին Իբադօղլուն երկու այլ ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ Ջամիլ Հասանլիի և Արիֆ Մամեդովի հետ միասին ստեղծել է Մեծ Բրիտանիայում երիտասարդության կրթության ադրբեջանական հիմնադրամը՝ երիտասարդ ադրբեջանցիների բարձրագույն կրթությանը աջակցելու, նրանց արտասահմանյան բուհեր ուղարկելու և նոր սերնդի պրոֆեսիոնալներ դաստիարակելու նպատակով՝ հանուն Ադրբեջանի ապագայի»,- ասվում է HRW-ի հայտարարության մեջ։