Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն անպայման կդնի հարց, որ բազմազգ խաղաղապահներ լինեն տարածաշրջանում․ քաղաքագետ

ԱՄՆ-ն անպայման կդնի հարց, որ բազմազգ խաղաղապահներ լինեն տարածաշրջանում․ քաղաքագետ
Միջազգային
18:35, 22 февраль 2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե արեւմուտքը տագնապած է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջնորդության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողված առաքելությունից, եւ հիմա  էլ փորձում են տարածաշրջան թափանցել եւ ակտիվություն ցուցաբերել։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝  արևմուտքն իրավունք ունի աշխատել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, այս երկրները անկախ են։ Այս երեք երկրներն էլ իրավունք ունեն աշխատել արևմուտքի հետ։ Երկրորդ, եթե մենք նկատի ունենք ԼՂՀ խնդիրը՝ գլխավոր ձեւաչափը չի փոխվել, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ նախագահող երկրներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ 

«Ի դեմս Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի՝ արեւմուտքն էլ այստեղ կա, թե ինչ նկատի ունի Լավրովը՝ լավ կլինի իրեն հարցնեն։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը նկատի ունի, որ այս տարածաշրջանում մենք հարցերը կլուծենք թուրքերի  հետ, թող արևմուտքը չլինի։ Ռուսաստանի դիրքորոշումն է՝ ռուս-թուրքական  տանդեմով լուծել ղարաբաղյան հարցը։ Մեզ պետք է Մինսկի խումբը իր աշխատանքը վերականգնի, մեզ պետք է լինի Ռուսաստանը, արևմուտքը, ոչ թե՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Մենք տեսանք, թե ինչպես է Ղարաբաղի հարցը լուծվում՝ հօգուտ Ադրբեջանի ռուս-թուրքական տանդեմով, որը չի բխում Հայաստանի շահերից։ Սերգեյ Լավրովն ինչ ուզում Է թող ասի, բայց այդ դիրքորոշումը չի համընկնում հայ ժողովրդի շահերին։ Մեր շահերից բխում է, որ արևմուտքը ակտիվ գործի Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ղարաբաղի հարցով»,- ասաց քաղաքագետը;

Civic.am-ի հարցին, թե Լավրովը ի՞նչ վտանգ է տեսնում արեմուտքից, որ նման հայտարարություն է անում, այսինքն՝ Ղարաբաղի հարցի շուրջ ի՞նչ քայլեր կան, քաղաքագետը պատսխանեց․ «Կարծում եմ ՝ Ռուսաստանը գիտի այն փաստերը, որոնք կան, գիտեք, որ ԵՄ-ն արեց լուրջ հայտարարություններ, դա կոչվում է տարեկան զեկույցներ․ ԵՄ-ի մի քանի հանձնաժողովներ արեցին զեկույցներ կապված արտաքին քաղաքականության եւ անվտանգության հետ, որտեղ հստակ ասված է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանականերում, Արցախի կարգավիճակը պետք է նորից մտնի օրակարգ, փախստականների հարցը պետք է լուծվի, հայ խաղաղպահները պետք է վերադառնան Ղարաբաղ, հայ գերիների հարցը պետք է լուծվի անպայման։ Պարզ է, որ դրանք բխում են հայ ժողովրդի շահերից»։ 

Ըստ Գրիգորյանի՝ ԵՄ տարբեր երկրների խորհրդարաններում քննարկումներ են՝ Ադրբեջանի կողմից  արցախահայության նկատմամբ կատարված ագրեսիայի շուրջ։ ԱՄՆ-ում լուրջ քննարկումներ են, 100 կոնգրեսմեն երկու կուսակցություններից դիմեցին Բայդենին պահանջով՝ շտապ սկսել բանակցությունները, վերականգնել քննարկումները Մինսկի խմբի շրջանակներում, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, քանի որ հարձակումները Ադրբեջանի կողմից շարունակվում են։ Արևմուտքում մեզ համար դրական գործընթացներ են։ «Պարզ է, որ Ռուսաստանը դժգոհ կլինի, որովհետև մեզ ոչ միայն ստիպեց 7 շրջան վերադարձնել, նաեւ Շուշին եւ Հադրութը օտարեց հայ ժողովրդից, եւ Ռուսաստանը հիմա էլ ուզում է Ստեփանակերտը ենթարկեցնել Ադրբեջանին։ Արեւմուտքի հայտարարությունները չեն համընկնում ռուս-թուրքական ալիանսի շահերին»։

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ԼՂՀ-ից  ռուս խաղաղպահաների դուրս բերման հարց կբերի ԵԱՀԿ Մինսկի օրակարգ, քաղաքագետը պատասխանց․ «Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների դուրս բերման հարցը արեւմուտքը շատ սուր կդնի, քանի որ զինադադար է, դա դրական է ընկալվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից։ Այլ բան է, որ ԱՄՆ-ն ասում է՝ լավ կլինի այլ երկրների խաղաղպահներ լինեն։ ԱՄՆ-ն անպայման կդնի հարց, որ բազմազգ խաղաղապահներ լինեն տարածաշրջանում, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից, ես կարծում եմ՝ այդ հարցը պետք է Հայաստանը  նաեւ բարձրացնի, որ, այո, շատ լավ է, որ խաղաղապահները կան, եւ որոնք ինչ-որ չափով կայունություն են ապահովում, բայց մեր շահերից բխում է, որ այլ երկրների, օրինակ, ԵՄ-ից խաղաղապահներ լինեն»։  

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ագրեսիվ են, ինչ-որ պահից հնարավոր է ռուսները չկարողանան իրավիճակը վերահսկել, իսկ Ռուսաստանում ծանր դրություն է, բավական լարված է դրությունը՝ տնտեսական եւ սոցիալական տեսանկյունից։  Հաշվի առնելով այդ գործոնները՝ պետք է լինեն քննարկումներ, որ տարածաշրջան խաղաղպահներ բերվեն այլ երկրներից։ 

«Ես չեմ բացառում, որ պետք է Հայաստանը նաեւ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որովհետեւ հարավում տարօրինակ ձեւով է սահմանազատում տեղի ունենում, ես նույնսիկ դա չեմ բացառում՝ բազմազգ խաղաղապահներ լինեն Սյունիքում։ Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը խաղաղվել է, ուրեմն ես չեմ բացառում, որ մենք դիմենք ՄԱԿ-ին եւ Անվտանգության խոսրհուրդը որոշմամբ այստեղ խաղաղապահներ ուղարկվեն»,- հավելեց նա։

Գեղամ Ադյան