Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, դա հեշտ գործընթաց չէ. Սերգեյ Կոպիրկին

Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, դա հեշտ գործընթաց չէ. Սերգեյ Կոպիրկին
Միջազգային
15:23, 23 февраль 2021
Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում:  Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է 1lurer-ը:

Հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք օգնել արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել է. «Այն արդեն օգնում է»:

Անդրադառնալով հայ ռազմագերիների թեմային՝ Կոպիրկինը հայտարարել է.
«Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, դա հեշտ գործընթաց չէ: Պարբերաբար տեղեկություններ են գալիս գերիների նոր խմբերի վերադարձի մասին: Մենք կցանկանայինք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»:

Ռուս դեսպանն ավելացրել է, որ տեղյակ չէ ռազմագերիների նոր խմբի վերադարձի մասին:
Հարց է հնչել, որ անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն, թե իբր ադրբեջանական կողմի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում շտկումներ են մտցվել, և դասագրքերից հանվել է «Արևելյան Հայաստան» ձևակերպումը (խոսքը 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին է. - խմբ.): 

«Ես, ինչպես և դուք, կարող եմ հենվել ԶԼՄ-ների վրա, բնականաբար այդ աղբյուրները ես չեմ կարող մեկնաբանել: Այլ տեղեկություն չունեմ»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: