Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաջորդ քայլը պետք է լինի անբարեխիղճ դատավորներից ազատվելը․ ցավալիորեն, չկա դեպք նոր իշխանության պարագայում, որ մի դատավորի լիազորութուն դադարեցված լինի»․ փաստաբան

«Հաջորդ քայլը պետք է լինի անբարեխիղճ դատավորներից ազատվելը․ ցավալիորեն, չկա դեպք նոր իշխանության պարագայում, որ մի դատավորի լիազորութուն դադարեցված լինի»․ փաստաբան
Հարցազրույց
18:58, 08 июль 2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ նախագծին։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ առաջին ատյանի դատարաններում ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ 3 դատավոր։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշումը վերաբերում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված դատավորներին: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ այս  նախագիծն ունի նաև ՍԴ դրական եզրակացությունը:

Կառավարության նիստում այս նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատավորների թվի ավելացումը թույլ կտա ունենալ երազանքների դատական համակարգ։

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի համար երազանքերի դատական համակարգը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որի համար նոր դատավորներ պետք է հայտնվեն դատական համակարգում, պետք է կոտրվի դատավոր դառնալու այն փակ շղթան, որը հիմա կա, և այդ փակ շղթայից դուրս իրավական համակարգի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում կլինեն մասնավոր ոլորտից, թե պետական համակարգից։ 

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը դատական համակարգն առողջացնելու կարևոր նախապայման է համարում և՛ դատավորների թվի ավելացումը, և՛ «դրսից» դատավորների ներգրավումը. «Ինքնին վատ չի, որ դատավորների թիվն ավելանում է։ Այսօր դատական համակարգում խայտառակ ծանրաբեռնվածություն ունենք, որի արդյունքում վարչական դատարանում դատական նիստերը նշանակվում են 2023 թվակնաին։ Այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ դրսից նոր մասնագետներ, նոր իրավաբաններ գան։ Ինչքան դրսից նոր մարդիկ գան դատական համակարգ, դա կարող է գրավական լինել իրենց նշած երազանքների դատական համակարգ ունենալու համար։

Շատ կարևոր է, որ քայլ է արվում դեպի մի բան փոխելու ուղղությամբ»,-ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ հաջորդ քայլը պետք է լինի անբարխիղճ դատավորներից ազատվելը, բայց, ցավալիորեն, չկա մի դեպք նոր իշխանությունների պարագայում, որ մի դատավորի լիազորութուներ դադարեցված լինեն. «Պետք է այդ դատավորներից ազատվել, դրսից նոր դատավորներ բերել, բայց ոչ Սահմանադրական դատարանի օրինակով։ Եվ եթե նոր դատավորների դեպքում առաջնահերթությունը կտրվի  իրոք որակական հատկանիշներին, կյանքի փորձին, ապա կարծում եմ, որ որոշակի փոփոխություն կարող ենք ակնկալել»,-եզրափակեց Գյոզալյանը։

Ի դեպ, Ռուստամ Բադասյանն այսօր նաև հայտարարել է, որ այս պահին դատական համակարգի կողմից ոչ մի ներքին դիմադրություն չի տեսնում և չի տեսնում դրա պոտենցիալը։ Մինչդեռ հիշեցնենք, ամիսներ առաջ հենց Բադասյանն էր հայտարարում, որ դատական համակարգի ներսից բարեփոխումների նկատմամբ ներքին դիմադրություն կա։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը համակարծիք է նախարարի պաշտոնակատարի հետ և համոզված է, որ առաջիկայում այդ դիմադրությունն ավելի կթուլանա, երբ նոր դատավորներ գան համակարգ, իսկ հին, կոռումպացված դեմքերը կա՛մ գնան թոշակի, կա՛մ համապատասխան օրենսդրական կարգավորման արդյունքում դուրս մնան համակարգից.«Մենք երիտասարդ դատավորների հետ խնդիր չունենք։ Մեր՝ փաստաբաններիս, խնդիրը հին դատավորների հետ է, որոնց համար դատախազը, թաղայինը դեռ «ավտարիտետ են»։ Ոչ երկար ժամանակահատվածում այդ մարդիկ իրենց հունով կա՛մ կգնան թոշակի, կա՛մ կարելի է նոր օրենսդրական կարգավորման միջոցով նրանց ժամանակից շուտ ուղարկել թոշակի։ Սա կլինի իրենց ասած թավշյա վեթինգը»,-ասաց Սիրունյանը։

Մեր դիտարկմանը՝ նման օրենք ընդունվեց Սահմանադրական դատարանի դեպքում և չաշխատեց, ՍԴ որևէ դատավոր վաղաժամ թոշակի չգնաց, ո՞րն է երաշխիքը, որ դատական համակարգից որևէ մեկը վաղաժամ կգնա թոշակի, Սիրունյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանի դատավորները քաղաքականությամբ կապված էին, քաղաքականացված էին, իսկ մնացած դատավորները պարզապես դատավորներ են, որոնք իրենց աշխատանք են կատարում և բացարձակ քաղաքականության հետ կապված չեն։ ՍԴ-ն ուրիշ էր։ Դատավորը, որին մնացել է 6-7 տարի թոշակի գնալու համար և մեկ էլ պետությունը նրան ասում է՝ արի ես քեզ վաղաժամ  թոշակ եմ տալիս, գնա քո համար հանգիստ ապրի քանի դեռ կաշառքի վրա չես բռնվել, ապա, կարծում եմ, բոլորն էլ վազելով կգնան դրան։ Մենք վեթինգի խնդիր ունենք, դատական համակարգը մաքրելու խնդիր ունենք և դրա համար հիմա արագ պետք է ապագա թոշակառուների ցուցակը կազմվի և նրանց առաջարկվի գնալ թոշակի։ Սա կլինի շատ սիրուն վեթինգ»,-ընդգծեց փաստաբանը։ 

Արփի Հարությունյան