Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պարտադիր պատվաստելու գաղափարը սկսելու է աշխատել, որքան էլ դա մարդու իրավունքների ոտնահարում համարվի»․ համաճարակաբան

«Պարտադիր պատվաստելու գաղափարը սկսելու է աշխատել, որքան էլ դա մարդու իրավունքների ոտնահարում համարվի»․ համաճարակաբան
Հարցազրույց
12:22, 16 июль 2021
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է համաճարակաբան, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, մամուլը գրում է, որ պետական ծառայողներին հրահանգված է պատվաստվել, հակառակ դեպքում պարգևավճար չեն ստանա։ Ձեր կարծիքով՝ արդյոք պատվաստումների առումով իրավիճակն այդքան տխո՞ւր է, որ նման քայլեր են կիրառվում։

– Ինձ՝ որպես բժշկի և որպես գիտնականի, նման հարցադրումը կաշկանդում է, և նման հարցին բարդ է պատասխանելը, որովհետև մասնագետը միշտ պատվաստման կողմնակից է։ Այո՛, Հայաստանում շատ տխուր է պատվաստումների հետ կապված իրավիճակը, գործընթացում ընդգրկվածությունը բավական ցածր է, սակայն պետք է բարձրանա։

– Դրա համար կարելի է ցանկացած միջոցի՞ դիմել։

– Ոչ իհարկե, ցանկացած միջոցի պետք չէ դիմել, քանի որ դա կարող է վարկաբեկել գործընթացն ընդհանրապես, պետք է պարզապես իրազեկել մարդկանց։ Եթե բնակչության ընկալունակությունը ցածր է և ավելի հեշտ են ընդունում ապատեղեկատվություն պատվաստումների մասին, ուրեմն պետք է դիմել որոշակի միջոցների, որովհետև հանրային առողջության հարցն է նժարին դրված։

Այս վարակը հանրային վտանգ է, սպառնում է մարդու առողջությանը, և եթե մարդը չի մտածում իր, դիմացինի առողջության մասին, ապա կառավարող մարմինը պետք է դիմի ինչ-որ միջոցների։

Օրինակ՝ Թուրքմենստանում պատվաստումը պարտադիր է, մեկ այլ երկրում ռիսկի խմբի մարդկանց համար են պարտադիր դարձնում պատվաստումը, կան երկրներ էլ, որ պայման են դնում, ասում են՝ չես ուզում՝ մի պատվաստվիր, բայց այս-այս դեպքերում պետք է սահմանափակումներ ունենաս՝ չգնաս ռեստորան, աշխատանքի և այլն։ Սցենարները տարբեր երկրներում կարող են տարբեր լինել, քանի որ խոսքը հանրային վտանգի մասին է։

– Այսինքն՝ գոհ չե՞ք պատվաստումային գործընթացից։


– Միանշանակ՝ ոչ։

– Պարո՛ն Բադալյան, կան բժիշկներ, որոնք ևս չեն ընդունում պատվաստումը, և նրանք էլ իրենց հերթին են թերահավատություն ու կասկածներ սերմանում մարդկանց շրջանում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին։

– Այո՛, ցավոք սրտի, նման մասնագետներ կան։ Տեսեք՝ Ֆրանսիայում բժիշկների համար պատվաստումը դարձրել են պարտադիր։ Բժիշկ լինելը դեռ չի նշանակում, որ մասնագետ է։ Պատվաստումային գործընթացը նեղ մասնագիտական գործընթաց է։ Շատ նեղ։ Ամեն բժիշկ չէ, որ կարող է գաղափար ունենալ պատվաստումային գործընթացից։ Կարող է՝ լավ վիրաբույժ է, բայց պատվաստման մասին գաղափար չունենա։ Մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, մասնագետների, որոնք ներգրավված են այս գործընթացում։

– Իսկ նրանք էլ, ովքեր ընդգրկված չեն, հակապատվաստումային քարոզ են իրականացնում։ Ճիշտ է, այդ երևույթը համատարած չէ, բայց կան բժիշկներ, որ իրենց պացիենտների շրջանում կասկածներ են առաջացնում պատվաստանյութերի մասով։


– Դա սխալ է, ճիշտ չէ։ Կոպիտ սխալ է բժիշկների կողմից, որովհետև հանրությանը վերաբերող համատարած երևույթի մասին ես խոսում ու դրա մասնագետը չես։ Օրինակ, ես՝ որպես համաճարակաբան, ինձ թույլ չեմ տա խոսել վիրաբուժական տեխնիկայից, քանի որ դա անմիջապես վիրաբույժի գործն է, նրա մասնագիտացումը։ Ես ամենևին չէի ցանկանա, որ վիրաբույժը միջամտի համաճարակաբանության գործընթացին։

– Դուք տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն Ֆրանսիայի օրինակը նաև Հայաստանում կիրառելու համար, օրինակ՝ ռիսկի խմբի համար, ասենք՝ բժիշկների, պատվաստումը դարձնել պարտադիր։

– Հետևելով տարբեր երկրներում միտումներին՝ տեսնում եմ, որ այն երկրներում, որտեղ իրավիճակը խնդրահարույց է, քայլ առ քայլ սահմանափակումներ են կիրառվում կամ սկսելու են կիրառվել։ Այսինքն՝ պարտադիրի գաղափարը սկսելու է աշխատել, որքան էլ դա մարդու իրավունքների ոտնահարում համարվի։

Բայց, կրկնում եմ՝ պետք է նկատի ունենալ, որ այս վարակը հանրային վտանգ է, և մարդու առողջությունն ու կյանքն ավելի կարևոր են։ Մարդիկ անընդհատ զանգում են՝ ինչ անեմ, ինչ անեմ, ձեզ հաճելի՞ է թռչելուց առաջ վճարել, ՊՇՌ թեստ անել, իջնելուց հետո նորից թեստ անել։ Միանգամից պատվաստվեք, վերջացեք, էլի։ Եթե կա այլընտրանք՝ ի դեմս պատվաստանյութի, ապա ՊՇՌ թեստն ավելորդ է, եթե չասեմ արդեն խնդրահարույց է։

– Այսինքն՝ դուք անխուսափելի՞ եք համարում սահմանափակումներն ու նաև պարտադրանքը։

– Դեպի դա ենք գնում, մանավանդ մեր երկրում, որտեղ արդեն խնդրահարույց է իրավիճակը։ Եթե այդպիսին չլիներ, և հանրության մեծ մասը պատվաստված լիներ, հաստատ դրա կարիքը չէր լինի։

– Պարո՛ն Բադալյան, խնդրում եմ նաև կորոնավիրուսի «դելտա» տեսակի մասին խոսեք։ Հնարավո՞ր է այդուհանդերձ Հայաստանը խուսափի այդ շտամից։

– Իմ կարծիքով՝ հնարավոր չէ, այնպես, ինչպես հնարավոր չէր խուսափել դասական կորոնավիրուսից։ Ուղղակի մեզ մոտ, որքան ես եմ տեղեկացված, մենք վիրուսը չենք հետազոտում։ Մեր տեղեկատվությունը բավական սակավ է այդ առումով։ Այնպես որ, ես չեմ բացառում, որ վիրուսի այդ շտամը արդեն կա Հայաստանում։

– Կարծում եք՝ Հայաստանում կա՞ այդ շտամը։


– Կարծում եմ՝ այո։ Բայց սա ենթադրություն է, քանի որ մենք չունենք հետազոտված տվյալ, ապացույց։ Եթե չի արվում ուսումնասիրություն, չի նշանակում չկա։ Վիրուսի այդ շտամը բավական արագ է տարածվում ու հեշտ վարակելի է, այսինքն՝ մեկ մարդը կարող է վարակել շատերին։ Պետք է հիշել մեկ բան՝ ինչքան շատ է տարածում, այնքան շատ մարդիկ են վարակվում, ինչքան շատ են վարակվում, այնքան մահացությունն աճում է։

Աղբյուր՝ medialab.am