Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում տնտեսական մեծ փոփոխություններ տեսա, բայց պետք է արդարադատությունը գործի, որ խորհուրդ տամ մարդկանց՝ գալ ու ներդրում անել․ Վալերի Աշխեն Գործունյան

Հայաստանում տնտեսական մեծ փոփոխություններ տեսա, բայց պետք է արդարադատությունը գործի, որ խորհուրդ տամ մարդկանց՝ գալ ու  ներդրում անել․ Վալերի Աշխեն Գործունյան
Հարցազրույց
18:30, 16 июль 2021
Օրեր առաջ Հայաստանում էր գտնվում «Փարիզյան սուրճ» սրճարանի հիմնադիր, նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ստիպված եղավ վաճառել իր հիմնադրած սրճարանը և հեռանալ հայրենիքից։

Հիշեցնենք, որ 2011 թվականին ապօրինի կերպով Երևանի քաղաքապետարանը նախ ապամոնտաժեց սրճարանի բացօթյա հատվածը, այնուհետև մեծ չափերի հասնող տուգանք նշանակեց, և սեփականատերը երկար դիմադրելուց հետո, որոշեց վաճառել իր սրճարանն ու գնալ Ֆրանսիա։

Civic.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում գտնվող Վալերի-Աշեն Գործունյանն ասաց, որ 10 տարի Հայաստանում չէր եղել, և իր համար կարևոր էր Հայաստանը նորից տեսնել՝ մանավանդ պատերազմից։ 

-Տիկին Գործունյան, չե՞ք պատրաստվում նորից տեղափոխվել Հայաստան։ 
 
- Ինձ թվում է Հայաստանում պետք է արդարադատությունը գործի, և վստահ լինեմ, որ իսկապես ազատ անկախ արդարադատություն կլինի, որ ես խորհուրդ տամ մարդկանց գալ ու Հայաստանում ներդրում կատարել։ Իմ կյանքի փորձությունները նկատի ունենալով, ես միշտ զգուշանում եմ, բայց իրավ շատ մեծ տնտեսական փոփոխություններ տեսա Հայաստանում, ճանապարհները, գյուղատնտեսությունը, կյանքը։ Անշուշտ, տասը օրվա մեջ չես կարող շփվել ամբողջ իրական կյանքի հետ։ Հայաստան գալով իմ առաջին պարտականությունն էր գնալ Եռաբլուր և այդ սարսափելի տեսարանը տեսնել Եռաբլուրի։ Երբ ես տասը տարի առաջ գնացի Եռաբլուրն այդպես չէր, հիմա վախենալու է։ Այդ քանակությունը և այդքան ջահելներ, երբ նայում ես նրանց ծննդյան թվերը, սարսափում ես։ Դժբախտաբար, դա մեր իրականությունն է։

-Այս տասը օրերին Ձեր տեսած փոփոխությունները կնշե՞ք։


-Մենք ավտոմեքենայով շրջագայեցինք մինչև Գորիս, հնությունները տեսանք, գյուղեր ու քաղաքներ այցելեցինք, շատ մարդկանց հետ  շփվեցինք։ Երևանում ահռելի, մեծաքանակ ռեստորաններ և սրճարաններ են բացվել, և այդ վայրերում շատ մարդիկ կան, հատկապես երիտասարդությունը շատ ակտիվ էր։

-Հնարավո՞ր է մի օր Հայաստանում նորից բիզնես գործունեություն ծավալեք։


-Շատ կուզեմ նորից գալ, և մի քիչ Երևանում մնալ, այցելել իմ հին ընկերներին։ Եթե իրական արդարադատություն լինի մի օր Հայաստան գուցե վերադառնամ, բայց իմ երեխաների երազանքն է գալ Հայաստան, նրանք երազում են գալ իրենց հայրենիքը և գործ ստեղծել, բայց ես իրենց ասում եմ, որ մինչև ես վստահ չլինեմ, որ արդարադատությունը Հայաստանում ճիշտ ձևով չի աշխատում  ես ձեզ խորհուրդ չեմ տա գնալ Հաայստան։ Բայց ասեմ, որ ինձ հետ Հայաստան էր եկել իմ եղբոր աղջիկը, ու նա այնպես էր սիրահարվել Հայաստանին, որ չէր ուզում հետ գար։ Մենք երկուշաբթի եկանք Ֆրանսիա, բայց իմ եղբոր աղջիկն արդեն պատրաստվում է հետ վերադառնալ Հայաստան։
Ուզում եմ ասել, որ ես գիտեի, որ Հայաստանը հոգով երկիր է, և երիտասարդները նույն զգացումներն են ունենում, երբ ծանոթանում են այս սիրուն երկրի հետ։

-Ո՞րն էր պատճառը, որ չշարունակեցիք Ձեր իրավունքների համար պայքարը։

-Մենք մինչև վերջ չկարողացանք գնալ։ Իմ փաստաբանը Վահե Գրիգորյանն է, Վահեի հետ պետք է շարունակեինք, բայց քանի որ նա այլ աշխատանքի տեղափոխվեց, ես չշարունակեցի, քանի որ ես միայն Վահեին էի վստահում։ Դժբախտաբար Վահեից առաջ մի քանի այլ փաստաբաններ ունեցա, որոնք ինձ շատ սխալ քայլեր անել տվեցին։ Եթե ես բախտ ունենայի Վահեի հետ ավելի շուտ ծանոթանալու, երևի շատ ավելի լավ վիճակում կլինեի։ Պրոցեսը կանգ առավ այնտեղ, որ մենք հեղափոխությունից հետո, պետք է շարունակեինք իմ նախկին ամուսնու դեմ դատական հայց ներկայացնել, որ այն գումարները, որ նա  ինձանից գողացել է փորձեինք հետ վերադարձնել։ Ինքը սրճարանի գույքի մեջ խաբեց ինձ, որովհետև այդ ամբողջ ներդրումները նյութական ես էի անում, իմ այստեղի տունը գրավ դրեցի, Ֆրանսիայից վարկ վերցրեցի, այդ դրամները տեղափոխեցի ու այդ շենքն առա։ Ձախի վրայի այդ շենքը ես գնել էի, ամբողջը մերն էր, բայց դժբախտաբար ինքը օգտագործեց առիթը, ես իրեն լիազորագիր գրեցի ու մեկուկես տարի չկարողացա գալ, քանի որ բուժման մեջ էի։
Դուք գիտեք ինքը սերժական էր, ես՝ հակասերժական, պարզ է բոլորի համար։ Ինձ համար պարզ էր, որ նրա օգնությամբ հին կառավարությունն անընդհատ ինձ խանգարում էր, հարկային, սանիտարական ստուգումներ և այլն։ Չորս տարի պայքարեցի, ճիշտ փաստաբան ունենայի մի քիչ ավելի թեթև կգնար այս պատմությունը։ Արդեն պատմության վերջն էր, երբ ծանոթացա Վահեի հետ, սակայն նա մի քանի բան փրկեց ինձ համար, դրա համար ես իրեն շատ եմ վստահում ու հարգում։ Դրանից հետո ես բոլորովին խաչ դրեցի այս պատմության վրա։

-Ինչպիսի՞ տպավորություններով այս անգամ հեռացաք Հայաստանից։

-Ես շատ պոզիտիվ տեսա Հայաստանը, և տեսա, որ կյանք կա երկրի մեջ։ Ես հույս ունեմ, որ կյանքը Հայաստանում կգնա դեպքի լավը։
Զգում ես, որ երիտասարդությունն ու այդ երկիրն ուզում է ապրել, իսկ եթե երկիրն ուզում է ապրել, պիտի ապրի։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը շատ լավ երկիր կդառնա, ես դա եմ մաղթում, Հայաստանին, իմ երկիրը Հայաստանն է։

Լիլիթ Թադևոսյան