Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում. քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել. Ավետիսյան․ ՀԺ

Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում. քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել. Ավետիսյան․ ՀԺ
Հարցազրույց
17:32, 17 июль 2021
Վերջին շրջանում ՀՀ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում սիբիրյան խոցի դեպքեր են հաստատվել։ Հիվանդները ընդհանուր 11-ն են, որոնք հոսպիտալացվել են, իսկ վարակված խոշոր եւ մանր եղջերավոր անասունները՝ ոչնչացվել:

Սիբիրախտը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչի աղբյուր են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսի տարբեր ընթացքներում գտնվող հիվանդ կենդանիները:

Առայժմ տվյալներ չկան՝ սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների մսի վաճառք եղել է, թե՝ ոչ:

Թե ինչ քայլեր են իրականացնում պատկան մարմինները՝ մեր զրույցում մանրամասնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

- Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Հայաստանում սիբիրյան խոցի առումով, Գեղարքունիքում եւ Շիրակում արձանագրված դեպքերից հետո ի՞նչ զարգացումներ են եղել:


- Հիմա ամբողջությամբ կառավարելի է ե՛ւ Գեղարքունիքում, ե՛ւ Շիրակում: Մենք սահմանափակումներ էինք դրել այն համայնքներում, որտեղ սիբիրախտ էր գրանցվել եւ թույլ չէինք տալիս կաթ մթերել, բայց արդեն սահմանափակումները հանեցինք, որովհետեւ կենդանիների ամբողջ գլխաքանակը պատվաստվեց: Ըստ հրահանգի՝ պատվաստումից 3 օր հետո հանվեցին այդ սահմանափակումները:
Այս պահին իրավիճակը նորմալ է, նոր հիվանդ մարդիկ չունենք, անկած կենդանիներն էլ ամբողջությամբ այրվել են:

- ՍԱՏՄ-ն սիբիրյան խոց ունեցող կենդանիների մսի վաճառքի դեպքեր բացահայտե՞լ է:

- Դեպք չի բացահայտվել: Մինչեւ մեզ տեղյակ պահելը կենդանիները մորթվել են եւ այդ ամբողջ մսեղիքը բաժանվել է գյուղի մեջ, այսինքն՝ շուկա դուրս չի եկել: Երեւանում գրեթե անհնար է, որ հայտնվի, որովհետեւ մեծ մասամբ սպանդանոցային միս է վաճառվում: Շիրակի մարզում շրջայցեր ենք իրականացրել բոլոր շուկաներում եւ որեւէ կասկածելի մսեղիք չենք հայտնաբերել, նույնն էլ արվել է Վարդենիսում: Ես օրեր առաջ գնացել էի Մարտունու անասնաշուկան, որտեղ տեսուչների հետ շրջեցինք, եւ նրանք գրանցեցին, թե որտեղից են կենդանիները: Նայեցինք՝ արտաքին տեսքից հիվանդ կենդանիներ կան, թե ոչ:

- Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սիբիրյան խոցի տարածումը: Այս պահին դրա տարածման վտանգ տեսնո՞ւմ եք:


- Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում, դա հողային ինֆեկցիա է, կենդանիները վարակվում են առաջին հերթին հողից. կարող են նաեւ վարակվել հիվանդ կենդանիների հետ շփումից: Հիվանդ կենդանուց մարդը վարակվում է մորթելու ժամանակ եւ այդ մսեղիքը օգտագործելու ժամանակ: Այսինքն, գլոբալ տարածման խնդիր չկա, լոկալ տարածքներում են դրանք: Այս բոլոր կենդանիները վարակված են եղել երաշտի հետեւանքով: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, երբ երկրում երաշտ կա, սիբիրախտի դեպքեր են լինելու:
2012 թ. ավելի մեծ բռնկում ենք ունեցել Վարդենիսում, մի քանի գյուղերում դեպքեր են եղել: Եթե չեմ սխալվում 62 մարդ էր հիվանդացել: Նման դեպքում որեւէ պատվաստանյութ 100 տոկոսանոց էֆեկտիվություն չունի, բայց սիբիրախտի պատվաստանյութը համարվում է լավագույններից մեկը, որի էֆեկտիվությունը 88- 90 տոկոս է: Հակացուցված է պատվաստել միայն հյուծված կենդանիներին եւ հղիության 7- 9-րդ ամսվա ընթացքում գտնվող կենդանիներին: Այսինքն, կա ինչ-որ գլխաքանակ, որոնց վրա պատվաստանյութը կամ չի ազդում, կամ օբյեկտիվ պատճառներով չեն պատվաստվում: Երաշտի դեպքում սիբիրախտով վարակվելու հավանականությունը բավականին բարձրանում է:

- Վերջին շրջանում Հայաստանում որքա՞ն կենդանի է սիբիրախտով վարակվել:

- Գեղարքունիքում 24 խոշոր եւ 11-12 մանր եղջերավոր կենդանիներ են վարակված եղել, իսկ Շիրակի մարզում՝ 2 խոշոր եւ 3-4 մանր եղջերավոր:

- Տեսչական մարմինն ի՞նչ քայլեր է իրականացնում սիբիրյան խոցի հնարավոր տարածումը կանխելու համար:

- Վարդենիսի տարածաշրջանում կան վայրեր, որտեղ հիվանդ կենդանիներ են թաղվել ժամանակին, եւ դրանց տեղը ոչ ոք չգիտի: Սիբիրախտի հարուցիչը ցուպիկ է, որը պատիճ է առաջացնում եւ հողի մեջ հնարավոր է 100- 150 տարի գոյատեւի ու նպաստավոր պայմանների դեպքում անցնի կենդանու օրգանիզմ: Մենք առաջին հերթին թույլ չտվեցինք, որ անկած կենդանիները մորթվեն: Երկրորդը քայլը՝ թույլ չտվեցինք նաեւ, որ այդ գյուղերից կաթ մթերվի: Իսկ ամենակարեւորը կենդանիների դիակներն այրվեցին ու թաղվեցին, եւ ախտահանվեց այդ հատվածը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։