Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանին հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, Ռուսաստանին հետաքրքրում է, որ միջանցքներ բացվեն․ Ստեփան Գրիգորյան

Ռուսաստանին հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, Ռուսաստանին հետաքրքրում է, որ միջանցքներ բացվեն․ Ստեփան Գրիգորյան
Հարցազրույց
19:11, 20 июль 2021
Civic.am-ը Ադրբեջանի նախագահի Մոսկվա այցի, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

- Պարո՛ն Գրիգորյան, այսօր նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա, և դրան զուգահեռ ադրբեջանական կողմը սրում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, սա ի՞նչ ուղերձ է՝ ուղղված Մոսկվային։  

- Ադրբեջանը վաղուց է սահմանային իրավիճակը լարում՝ ուղերձներ հղելով Մոսկվային, և Սև լճի տարածք ադրբեջանական զորքերը հենց այնպես չեն մտել։ Բաքուն Մոսկվային ասում է, որ մենք ինչ ուզում՝ անում ենք։ Մենք ուժեղ ենք, ինչ կուզենք՝ կանենք, և Ռուսաստանը պետք է հաշվի նստի դրա հետ։ Ես այդպես կմեկնաբանեի Ադրբեջանի պահվածքը, քանի որ այստեղ լարվածությունը հարվածում է Ռուսաստանի պատվին․ նույնիսկ եթե մենք ենթադրենք, որ Ռուսաստանի շահերը այսօր համընկնում են Ադրբեջանի շահերի հետ՝ ձեռնտու չէ Ռուսաստանին, որ այսօր տարածաշրջանում լարվածություն լինի, քանի որ Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում․ Ռուսաստանը ստանձնեց պարտավորություն նաև Հայաստանի սահմանները պահպանելու Ադրբեջանի հետ սահմանին․ դա և՛ ռազմավարական գործընկերության շրջանակներում է, և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանը այդ պայմանավորվածությունը ունի, և՛ նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Այդ քայլերը Ռուսաստանի պատվին են խփում, ու իմ կարծիքով՝ այո՛, Ադրբեջանը, ստանալով շատ բան, բավական լկտիացել է պատերազմից հետո և ուղերձ է հղում, որ ես ինչ ուզենամ՝ կանեմ տարածաշրջանում։ 

- Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման քննարկման շեշտը դրվելու է երկու երկրների առևտրաշրջանառության վրա, հնարավո՞ր է, որ Ալիևը Պուտինի հետ քննարկի Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին։ 


- Ես չեմ բացառում դա, ավելին՝ չեմ բացառում, որ կքննարկվի նաև ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը․ դուք գիտեք, որ դիտորդի կարգավիճակը ՀԱՊԿ կանոնադրությունում սահմանվել էր որոշ ժամանակ առաջ։ Դա արել են հանուն Ադրբեջանի․ անդամակցությունը բարդ և երկարատև պրոցես է, և Ռուսաստանում հասկանում են՝ Հայաստանը կարող է վետոյի իրավունքը օգտագործել, բայց գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակը հեշտ է տանալ, ու ես չեմ բացառում, որ դա էլ կքննարկվի՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դիտորդի կարգավիճակը ՀԱՊԿ-ում։ Ես համոզված եմ նաև՝ կքննարկեն հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, միջանցքների բացման հետ։ Քանի որ այստեղ կան հարցեր, որտեղ կա Ռուսաստանի շահը, և դա ցույց է տալիս Ռուսաստանը, ես չեմ բացառում, որ այդ հարցերն էլ կքննարկվեն։ 

- Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը ակնարկել էր զգայուն հարցերի մասին, որոնք պետք է լուծել, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զգայուն հարցերի մասին է խոսքը։

- Ես կարծում եմ, որ երբ Պուտինը ասում է՝  զգայուն հարցեր, և Փաշինյանը լեգիտիմություն ունի, նա նկատի ունի երկու հարց, առաջինը՝ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա անելն է, և երկրորդը պարզ է՝ Զանգեզուրի միջանցքը, որի մասին իրենք ասում են։ Ալիևը և Պուտինը այդ երկու հարցերը անպայման կքննարկեն, քանի որ երկու կողմն էլ շահագրգռված են։ Հիմա այստեղ մի խնդիր կա, հիշո՞ւմ եք այն լարվածությունը, որը կար Սյունիքում, Գեղարքունիքում։ ՀԱՊԿ-ը արձագանքել է, դա նշանակում է նաև Ռուսաստանը․ նրանք դա դիտեցին միջսահմանային վեճ, իսկ ես դա դիտարկում եմ ճնշում Հայաստանի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հատեց մեր սահմանը, մտավ մեր տարածք, բայց Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ասում են՝ դա սահմանային վեճ է։ Սա նշանակում է մեր դեմ ճնշման մեխանիզմներ օգտագործել: Օրինակ՝ այստեղ՝ Երասխում, ինչո՞ւ արձագանք չի տալիս ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը, մենք կարող է չենք էլ սպասում, բայց իրենք պարտավոր են։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, Ռուսաստանին հետաքրքրում է, որ միջանցքներ բացվեն, դելիմիտացիա և դեմարկացիա լինի, և աչքերը փակում են որպես լրացուցիչ ճնշում ՀՀ-ի վրա, որ Հայաստանը արագ համաձայնի վերոնշյալ քայլերին։

- Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և, կարծես թե, Իրանը համակարծիք են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման հարցում։

- Այն հայտարարությունները, որ ես լսում եմ Իրանից, այնուամենայնիվ հարյուր տոկոսով չեն համընկնում ռուս-թուրքական դիրքորոշումների հետ։ Իրանը համարում է, որ դա Հայաստանի տարածքն է, և բացառում է Մեղրիի գոտու կարգավիճակի փոփոխություն։ Մենք հասկանում ենք, որ մեծ խաղեր են, վերադասավորումներ․ պարզ է, որ ռուս-թուրքական ալյանսը աշխատում է, ու պարզ է, որ այս արանքում մեզ համար շատ դժվար է մանևրել, բայց ես կարծում եմ՝ կա հեշտ ճանապարհ լարվածությունը թուլացնելու և մեզ համար ընդհանուր բացասական իրավիճակը փոխելու։ Դա ակտիվ աշխատանքն է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ․ իրենք հիմա ակտիվ աշխատում են տարածաշրջանում․ մենք էլ պետք է արձագանքենք, և արձագանքում է կառավարությունը, դա դրական եմ համարում։ ԵՄ-ն Սյունիքի կոմունիկացիաների հետ կապված տրամադրում է ֆինանսական միջոցներ, ինչը պետք է Հայաստանը շատ արագ իրականացնի, և Միացյալ Նահանգները․ փաստ է, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով հիմա լուրջ զբաղվում է, հիմա դա զսպիչ գործոն է Թուրքիայի և Ադրբեջանի համար․ դա պետք է օգտագործենք և անցնենք բազմավեկտոր քաղաքականության։
Դուք գիտեք՝ Հնդկաստանը բազմիցս ասել է, որ համընկնում են շահերը․ կա նաև Չինաստանի գործոնը և հայտնի մետաքսի ճանապարհի ծրագրերը։ Այստեղ պետք է սկսենք ավելի ակտիվ գործել՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը Արևմուտքի ուշադրության կենտրոնում է։ Պետք է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում  վերսկսել բանակցություններ, գրեթե անխուսափելի է, որ դա տեղի կունենա, և այսպիսի միջազգային ակտիվ աշխատանքը լարվածությունը կթուլացնի, կփոխի իրավիճակը։ Այստեղ ավելացնեմ, որ Մակրոնի այցելությունը Հայաստան պատահական այց չէ։ Դա կապված է նրա հետ, որ իրոք լուրջ փոփոխություններ են աշխարհում կատարվում, և պարզ է՝ Ֆրանսիան, լինելով գերտերություն, հասկանում է, որ այդ փոփոխությունները կարող են Հայաստանին ծանրագույն վիճակի մեջ դնել։ Եթե մենք այդ այցելությունը օգտագործենք՝ Ֆրանսիայի հետ լուրջ, այդ թվում՝ ռազմական ոլորտում պայմանագիր կնքենք, դա կլինի մեզ համար երաշխիք և ամենակարևորը՝ զսպիչ գործոն այլ խաղացողների համար։ 


Գեղամ Ադյան