Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստացվել է մի իրավիճակ, երբ Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները ավելի սուր են դարձել, քան Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները․ սա բավական լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար․ Ռոբերտ Ղևոնդյան

Ստացվել է մի իրավիճակ, երբ Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները ավելի սուր են դարձել, քան Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները․ սա բավական լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար․ Ռոբերտ Ղևոնդյան
Հարցազրույց
19:00, 17 ноябрь 2023
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը Ադրբեջանի հասցեին կոշտ հայտարարություններ է հնչեցրել, ինչպես նաև նշել, որ առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ դեր խաղալ hայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

- Պարոն Ղևոնդյան, Օ՛Բրայանի խոսքերին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտարարել են, որ իրենք չեն մասնակցի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

- Ադրբեջանը որոշակի էյֆորիայի մեջ է և շարունակում է  վատացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ, ու խոսքը միայն ԱՄՆ-ին չի վերաբերում, այլև հավաքական ուժային կենտրոններին։ Ադրբեջանը ոչ միայն հայտարարել է, որ չեն հանդիպի, այլև խիստ անցանկալի են անվանել ԱՄՆ պաշտոնյաների այցերը իրենց երկիր։ Կարող եմ ասել, որ իմ գնահատականով՝ այս պահին ստացվել է մի իրավիճակ, երբ Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները ավելի սուր են դարձել, քան Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Սա բավական լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ Նման իրավիճակի շարունակման դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը շատ ավելի վատ իրավիճակում է հայտնվելու։ Արևմուտքը վերջապես կարծես թե համոզվեց, որ Ադրբեջանը միտված չէ խաղաղության, այլ ժամանակ է ձգում իր  շահերը իրացնելու համար։

- Իսկ Ադրբեջանը ինքնագլուխ կարո՞ղ էր այդպիսի կոշտ պատասխան հնչեցնել, թե՞ նա ՌԴ-ից, Թուրքիայից կամ այլ երկրից աջակցություն ունի այդ հարցում։ 

- Խնդիրը հետևյալն է. ոչ թե պատասխանն է հարցը, այլ թե ինչպես է դիրքավորվում Ադրբեջանը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ալիևին սկսել է թվալ, թե ինքը լուրջ տարածաշրջանային խաղացող է և կարող է աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնել իր առանձին դիրքավորմամբ, և քանի որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, նշանակում է դիրքավորվելու է ռուս-թուրքական ճակատում՝ ընդդեմ Արևմուտքի։ Նույնիսկ Թուրքիայի հետ կապված որոշակի հարցեր կան այստեղ։ ԱՄՆ-ից կան ազդակներ, որ իրենք աշխատում են Թուրքիայի հետ և փորձում են Թուրքիայի միջոցով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։ Բնականաբար, Թուրքիան համեմատության մեջ ավելի արևմտյան կողմնորոշում ունի, քան Ադրբեջանը։ Ընդհանուր առմամբ, եթե Ադրբեջանը դիրքավորվում  է ռուս-թուրքական ճակատում՝ ընդդեմ Արևմուտքի և ընդդեմ ժողովրդավարության, ապա քայլ առ քայլ Ադրբեջանի նկատմամբ օղակը սեղմվելու է։  

- Իսկ ի՞նչ լուրջ  միջոցների կարող է դիմել ԱՄՆ-ն կամ Արևմուտքը։ Ինչքա՞ն կարող է օղակը սեղմվել։

- Գործիքները բազմաթիվ են՝ հիմնականում տնտեսական, նաև ռազմական փոխգործակցության։ Օրինակ՝ ռազմատեխնիկայի Ադրբեջանի երկրորդ մատակարարը Իսրայելն է, իսկ Իսրայելը քաղաքակրթական առումով Արևմուտքի մաս է, և շատ հնարավոր է, որ Իսրայելը որոշի ռազմական տեխնիկա չմատակարարել Ադրբեջանին, կամ Եվրոպայի որոշ երկրներ որոշեն Ադրբեջանից նավթ կամ գազ չգնել։ Մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որում հայտնվել է Եվրոպան ռուս-ուկրաինական պատերազմից հետո, որոշակի սահմանափակում է էներգակիրների հետ կապված իրենց հնարավորությունները, բայց սահմանափակում է ոչ ամբողջությամբ, և Եվրոպայում կարող են հանկարծ որոշել ծավալները կրճատել և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները ավելի կրճատել։  Այդ գործիքներից է նաև Հայաստանի միջոցով ազդեցություն գործելը, ինչի նշանները մենք տեսնում ենք հիմա։ Շատ ավելի լայնածավալ և շատ ավելի հանրային են դառնում ՀՀ-ին մատակարարվող զենք-զինամթերքի ծավալները։ Նախկինում մենք ևս որոշակի զինտեխնիկա գնել ենք, բայց նման հանրային հնչեղություն առաջին անգամ է։

- Իսկ հնարավո՞ր է, որ Արևմուտքը, ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելով հանդերձ, հնարավորություն ստեղծի ՀՀ-ի համար Ադրբեջանի հարձակման դեպքում ոչ միայն պաշտպանվել, այլև դեօկուպացնել  այս պահին օկուպացված ՀՀ տարածքները։

- Ես անհավանական եմ համարում այդ սցենարը։ Նախ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը նման իրավիճակում կարող է հարձակում գործել, որովհետև Ադրբեջանի նման պետությունը պատերազմ սկսելու համար պետք է ունենա որոշակի կոնսենսուս։ ՀՀ-ի վրա հարձակման համար այդ կոնսենսուսը այս պահին անհնար է ձեռք բերել։ Եթե Ադրբեջանը առանց այդ կոնսենսուսի որոշի նման քայլ անել, ապա միգուցե և լինի Ադրբեջան պետության փլուզում, բայց այս պահին նման սցենարը անհավանական  եմ համարում։

- Պարոն Ղևոնդյան, նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։ Երբ հետահայաց նայում ենք, տեսնում ենք, որ  ՀՀ-ի կողմից յուրաքանչյուր անգամ ՀԱՊԿ-ի զորավարժությունից, նիստից և նման միջոցառումներից, հրաժարվելուց հետո Արևմուտքի կողմից մեծանում է Հայաստանի հանդեպ ավելի դրական տրամադրվածությունը  ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլև ՀՀ անվտանգության ապահովման մեծացման։ Սրանք մեկը մյուսի հետ փոխկապակցվա՞ծ են։ 

- Կոնկրետ չմասնակցելը ես չէի փոխկապակցի ընդհանուր պրոցեսի հետ, այլ կհամարեի շղթայի մի փոքր մաս։ Բայց դա տրամաբանական է, որովհետև Արևմուտքը աշխատում է նշված տրամաբանության մեջ, այսինքն՝ կլինի քայլ, այդ քայլին կլինի պատասխան, իսկ եթե քայլ չլինի, բնականաբար որևէ աջակցության մասին խոսք էլ չի կարող լինել։ Դա նաև տրամաբանական է, որովհետև Արևմուտքը ունի բավարար հիմքեր շատ հարցերում չվստահելու, դա վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլև հետխորհրդային տարածաշրջանին։ Մեկ օրինակ բերեմ, որով ՀՀ-ն հիասթափեցրել է Արևմուտքին. 2013 թվականի սեպտեմբերի 3-ի իրադարձությունները հենց այդ անվստահության առիթներից մեկը կարող  է լինել։

- Իսկ ԼՂ հարցը արդեն կարո՞ղ ենք համարել փակված։

- Ես չեմ կարծում, թե այն կարելի է փակված համարել։ Այս պահին ԼՂ հարցի վերաբերյալ միայն մեկ միջազգային իրադարձություն կարելի է նշել. նույն ԱՄՆ-ում ԼՂ-ի  վերաբերյալ Սենատում քննարկումները։ Ընդհանուր առմամբ այդ մարդիկ, ովքեր էթնիկ զտման են ենթարկվել, նրանք կարող են ունենալ սպասումներ սեփական իրավունքների իրացման համար միջազգային հանրության կողմից։ Ինչ վերաբերում է տարածքին, ապա ներկա ժամանակում հույսեր չպետք է ունենանք։

Դավիթ Լևոնյան