Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչն է խանգարում և ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովին

Ի՞նչն է խանգարում և ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովին
Հարցազրույց
23:12, 09 август 2021
Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 9-ին, քննարկում էր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Դրան զուգահեռ՝ օրվա երկրորդ կեսին բավական երկար քննարկվեց, հարցուպատասխան եղավ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ։

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քննիչ հանձնաժողովին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր իր ճեպազրույցում հայտարարեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելով  իշխանությունը փորձ է անում թաքցնել պատերազմի իրական մեղավորներին։ «Քննիչ հանձնաժողովն իշխանության գործիքը չէ, դա բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է։

Քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունը և կարողանա ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Եթե քննիչ հանձնաժողովի մասին խոսում է իշխանությունը, դա նշանակում է, որ իշխանությունն ապաշնորհ է։ Եթե քննիչ հանձնաժողովի ստեղծումն առաջարկվում է իշխանությունների կողմից, դա հերթական քայլն է 44-օրյա պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար»,- ասել է Վանեցյանը։ 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ մարտի 1-ի դեպքերի պես, նույն ջանասիրությամբ հիմա փաստահավաք խումբ չեն ստեղծում պատերազմի հանգամանքների վերաբերյալ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում անդարդառնալով այս թեմային՝ նկատեց, որ փաստահավաք խմբի ու քննիչ հանձնաժողովի տարբերությունը այդ ուժերը շատ լավ գիտեն։

Ժամանակին մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստահավաք առաքելությունը ձևավորվեց Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով, բայց դա չխանգարեց, որ իրենք նաև  Ազգային ժողովում ստեղծեին Սամվել Նիկոյանի գլխավորությամբ հանձնաժողով․ «էական տարբերություն կա, որ փաստահավաք հանձնաժողովը ստեղծվեց միջազգային ճնշման ներքո, որովհետև մարտի 1-ի հանցագործությունը ՀՀ իշխանությունները իրականացրել էին ՀՀ քաղաքացիների դեմ զինված ուժերի ներգրավման միջոցով, որի հետևանքով հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, 10 զոհ կար և այլ հետևանքներ։ Հետևաբար ճիշտ չի հիմա շահարկել, կամ շփոթել իրար հետ այդ երկու իրադարձությունները»,-ասաց իրավապաշտպանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ այն, որ պետք է ստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, դա միանշանակ է։ Եվ հաշվի առնելով, որ այստեղ քաղաքական շահարկումների մեծ դաշտ կա, պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես թե դա պե՞տք է լինի ԱԺ քննիչ հանձնաժողովի տեսքով, որում ընդգրկված կլինեն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց մեջ պատերազմի վերաբերյալ կան լուրջ բախումներ, թե այլ ձևաչափ կընտրվի։ Բայց այնուամենայնիվ դա է կարգը։ Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա։  

Հետևաբար քննիչ հանձնաժողովը կարող է հիմա ստեղծվել և դա չի խանգարում, որ հանձնաժողովը լսի պատերազմի հետ կապված բոլորին՝ ԳՇ պետ, նախարարներ, վարչապետ, հրամանատարներ և այլն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել պատերազմին։

Այնուամենայնիվ քննիչ հանձնաժողովը բոլոր վերապահումներով հանդերձ հնարավորություն կտա ստանալու հարցերի պատասխաններ, որը այս ընթացքում հուզել է մեզ։ Իսկ եթե քննիչ հանձնաժողովի շրջանակներում այլ հարցեր կարող են ծագել, ապա հանձնաժողովի շրջանակներում կարող է ստեղծվել փորձագետների խումբ, որը կտա անհրաժեշտ եզրակացություններ»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ ընդդիմությանը ոչինչ չի խանգարում մասնակից լինել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, հարցեր բարձրացնել, ստանալ պատասխաններ։

Ամեն դեպքում իրավապաշտպանն էլ որոշակի վերապահումներ ունի քննիչ հանձնաժողովների վերաբերյալ, քանի որ  այդպես էլ չհրապարակվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը և այդպես էլ ապրիլյան պատերազմի վերաբերյալ շատ հարցեր մութ մնացին։ 

Նկատենք, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մութ հարցեր հիմա էլ կան և այդ մութ հարցերը հիմնականում առնչվում են հենց ներկայիս ընդդիմադիր մի շարք պատգամավորների, ովքեր պատերազմի ժամանակ տարբեր ուղղությունների պատասխանատու էին, մեկնել էին ռազմաճակատ, բայց այդպես էլ տեղ չէին հասել, կամ հասել ու անմիջապես փախել էին։ Թերևս հենց այս հանգամանքների բացահայտումն էլ ընդդիմությանը ստիպում է դեմ լինել քննիչ հանձնաժողովին։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացին, մի քանի կարևոր հանձնաժողովներ ընդդիմությանը զիջելուն։ Նրա խոսքով՝ սա այն պատկերն է, որը առաջացավ ընտրությունների արդյունքում, բայց մի քանի կարևոր հանձնաժողովներ ընդդիմությանը թողնելու վերաբերյալ մտահոգությունները, Սաքունցի խոսքով, արդարացված են, քանի որ մարդու իրավունքների շարունակական խախտումների, տնտեսական ձախողումների, համակարգային կոռուպցիայի համար անպատիժ մնացածները հիմա չեն կարող ճիշտ քաղաքականություն իրականացնել։

 «Սրա ուղղակի պատասխանատվությունը իշխանությանն է, որը ժամանակին չտվեց  քաղաքական ու իրավական գնահատական պետության զավթման  գործընթացին, չիրականացրեց  անցումային արդարադատություն և այլն։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ սա իրողություն է, որը նույնպես կհաղթահարենք։ Ուզենք, թե ոչ, սրանք են մեր ռեսուրսները և դա վերջնագիր չէ։ Մենք պետք է անցնենք այս քավարանով։ Ժողովրդավարության էությունը նաև նրանում է, որ ստիպված պետք է լինենք առնչվել նաև  հակաժողովրդավարական դիրքորոշում ունեցող ուժերի հետ՝ հաղթահարելով այդ խնդիրը»,-եզրափակեց Սաքունցը։