Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմում ոտքը կորցրած Էրիկ Գրիգորյանը ոչ միայն չի ընկճվում, այլև հաղթում է մի շարք սպորտաձևերում. Տեսանյութ

Շուշեցի Էրիկ Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր, երբ արցախյան 44-օրյա պատերազմն սկսվեց։ Civic.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ պատերազմի ժամանակ իր զորացրվելուն մնացել էր ընդամենը երեք ամիս։ Էրիկ Գրիգորյանը սովորում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ գյուղատնտեսական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց ծառայության։ Ասում է՝ ծառայությունը հեշտ էր, իսկ պատերազմի ժամանակ 5 րոպեն մեկ զոհ էինք տալիս։  

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Էրիկը Մատաղիսում էր։ Պատմեց, որ ինքը տանկի մեխանիկ-վարորդ էր՝ մի սահմանագծից մյուս սահմանագիծն էր տեղափոխվում, սեպտեմբերի 28-ին էլ գնացել է Թալիշ՝ իր առջև դրված հանձնարարությունները կատարելու. «Պատերազմի առաջին օրը թշնամին երկու անգամ խոցել է իմ տանկերը՝ մեկը խոցեց, գնացի մյուսը նստեցի, տեխնիկական խնդիր կար՝ չաշխատեց, երրորդ տանկը նստեցի՝ դա էլ խոցեցին, մնացի առանց տանկի։ Եվ դա՝ ընդամենը 4 ժամում, բայց այդ ժամանակ չեմ վիրավորվել»։

Էրիկ Գրիգորյանը պատերազմի ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է՝ սկզբում գլխուղեղի ցնցում է ստացել, հետո՝ գլխի ու աջ ձեռքի բեկորային վնասվածքներ, սակայն շարունակել է կռիվը մինչև ոտքի ծանր վիրավորում ստանալը. «Վերջին վիրավորումս ծանր էր՝ չդիմացա, կասետային ռումբի պայթյունից էր, հոկտեմբերի 23-ն էր։ Այդ ժամանակ 5 րոպեն մեկ զոհ էինք տալիս ու նենց տեղ էինք, որ ամեն վայրկյան կարող է մենք էլ չլինեինք»։   

Էրիկ Գրիգորյանը պատերազմից հետո երեք անգամ պարալիմպիկ սպորտաձևերի մրցումների է մասնակցել և մի շարք մարզաձևերում հաղթող է ճանաչվել։ Օրերս Հայաստանի Պարաաթլետիկայի ֆեդերացիան Ծաղկաձորում հերթական անգամ կազմակերպել էր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մրցումներ՝ տարբեր սպորտաձևերում։ Էրիկ Գրիգորյանը, չնայած աջ ոտքի պրոթեզի առկայությանը, լողի մրցույթում առաջին տեղն է գրավել, բազկամարտի ձախ ձեռքի մրցմանը ևս առաջին տեղն է գրավել, իսկ աջ ձեռքի մրցումներին ու ծանրամարտում՝ երկրորդ տեղը։ Ասում է՝ ձախլիկ չեմ, ուղղակի աջ ձեռքս պատերազմի ժամանակ վիրավորվել է։ 

Պատերազմից հետո Էրիկ Գրիգորյանը Երևանում է ապրում իր ընտանիքի՝ ծնողների ու եղբայրների հետ։ Ոսկուց, արծաթից ու բրոնզից արձանիկներ է պատրաստում հայ հայտնի դիզայներ Նուռի մոտ՝ և՛ ուսանում է, և՛ աշխատում։ 

Ուժեղ ու առույգ Էրիկը նաև թեթև ու անմիջական զրուցակից է, ասում է՝ Շուշին Երևանից լավ էր. հա՛մ մաքուր էր, հա՛մ պատմական քաղաք էր. «Այդ փոքր քաղաքում միայն 7 թանգարան կար»։ 

Էրիկ Գրիգորյանը, չնայած իր ստացած վիրավորումներին, այնուամենայնիվ իր մարզավիճակը չի կորցրել. «Ութ տարեկանից պարապել եմ՝ 7 տարի քունգֆու եմ պարապել, բռնցքամարտ ու ըմբշամարտ էլ՝ 1 տարի։ Հիմա էլ գրեփլինգ եմ պարապում»։ 

Նարա Մարտիրոսյան