Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեթև աթլետիկայի համար նախատեսված Հայաստանի միակ՝ Արտաշատի մարզադաշտի վազքուղիներն ավերակ վիճակում են, իսկ ձմեռային պարապմունքների համար մանեժ չկա

Թեթև աթլետիկայի համար նախատեսված Հայաստանի միակ՝ Արտաշատի մարզադաշտի վազքուղիներն ավերակ վիճակում են, իսկ ձմեռային պարապմունքների համար մանեժ չկա
Հարցազրույց
17:06, 25 август 2021
«Թեթև աթլետիկա սպորտաձևի մարզիկների համար պայմանները Հայաստանում անհամեմատ վատ են՝ Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Ռուսաստանի պայմանների համեմատությամբ։ Ձմեռային պայմաններում նորմալ մարզումներ չենք կարողանում իրականացնել, որովհետև թեթև աթլետիկական մանեժ Հայաստանում ընդամնեը 2 հատ կա՝ Երևանում և Վանաձորում, բայց նույնիսկ այդ մանեժները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատի քաղաքի մարզադպրոցի թեթև աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը։ 

55 տարվա թեթև աթլետիկայի մարզիչը պարզաբանեց, որ վատ եղանակային պայմաններում՝ օրինակ, երբ մարզադաշտի վազքուղիների վրա ձյուն է նստած՝ մարզիկները պետք է ծածկված մանեժներում իրենց մարզումներն անցկացնեն, մինչդեռ զրկված են այդ հնարավորությունից․ «Ամռան մարզումներն էլ վատ պայմաններում է իրականացվում։ ՀՀ-ում Արտաշատի քաղաքային մարզադաշտը միակն է, որտեղ կարող են աթլետները մարզվեն, որը միջազգային ստանդարտներին համապատասխանում է և մրցումներ են անցկացվում։ Սակայն, դա էլ ավերակ վիճակում է՝ վազքուղիների ծածկույթը քանդված է՝ բետոնը երևում է տակից։ Մարզիկները վազքակոշիկներով վազում են, այդ բետոնի վրա ընկնում են ու վնասվածքներ ստանում»։ 

Գրիգոր Սիմոնյանը պատմեց, որ 2019թ․ Համահայկական խաղերի ժամանակ Անգլիայից հայեր էին եկել, և երբ Արտաշատի մարզադաշտի վազքուղիների վրա քայլեցին՝ արդեն ուզում էին թողնել ու հետ գնալ, նույնիսկ չէին ուզում մրցումներին մասնակցել․ «2 տարուց ավելի է ԿԳՄՍ նախարարության ու Աթլետիկայի ֆեդերացիայի կողմից նախատեսվել է, որ ստադիոնի վազքուղու ծածկը փոխվի, սակայն դեռևս աշխատանքներ չեն իրականացվում։ Այս պայմաններում միջազգային արենայում լուրջ արդյունքի հասնելն անհնար է։ Փոքր երկրների արենայում մրցանակային տեղեր գրավում են մեր մարզիկները, բայց՝ օրինակ Եվրոպայի պաշտոնական կամ Աշխարհի առաջնություններում՝ անհնար է մեդալի հասնել։ Իսկ այդ աշխատանքի կեսը կապված է մեր պայմաններից։ Մենք անում ենք այն՝ ինչը հնարավոր է անել, իսկ ինչը, որ պետք է՝ չենք կարողանում անել»։ 

Թեթև աթլետիկայի մարզչի խոսքով՝ 1988-1989թթ․է Արտաշատի ստադիոնի վազքուղին փռվել․ «Ես ներկա է՝ ասեցին 7-8 տարվա երաշխիք ունի դա։ Արդեն 4 անգամ պտտվել է 8 տարին՝ 32 տարի է այդ նույնի վրա պարապում են աթլետները։ Թեթև աթլետիկայով զբաղվողների թիվը չի քչացել՝ օրինակ Արտաշատի մարզադպրոցում մոտ 160 մարզվող կա։ Մինչև սպորտի վարպետի մակարդակ հասցնում ենք, բայց եվրոպական առաջնակարգ երկրների հետ մրցելն անհնար է»։ 

Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ թեթև աթլետիկայի Հայաստանի հավաքականը վերջին տարիներին մասնակցում է փոքր երկրների Եվրոպայի առաջնություններին․ «Օրինակ թիմային մրցումներին 15 երկիր է մասնակցում, այս տեսակ մրցումներում մեդալակիրներ լինում են, բայց Եվրոպայի պաշտոնական ու Աշխարհի մրցումներում՝ ոչ։  Մենք ունեցել ենք Եվրոպայի չեմպիոներ, բայց խորհրդային տարիներին՝ օրինակ Վարդան Հովսեփյանը, իսկ Ռոբերտ Էմմիյանը՝ Եվրոպայի ռեկորդակիր է և մինչև հիմա իր սահմանած հեռացատկի ռեկորդը թարմացված չէ, չեն կարողանում մոտենալ այդ արդյունքին»։  

Նշենք, որ Ռոբերտ Էմմիյանը ներկայումս Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է և Փարիզից Հայաստան կգա սեպտեմբեր ամսին։ Աթլետիկայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագ Ջավախյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարվա մարտ ամսից աշխատանքներ տարվում են, որպեսզի Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները վերականգնվեն, բայց գործնական քայլեր դեռևս չեն արվել։ Ինչ վերաբերում է աթլետիկական մանեժին՝ Վահագ Ջավախյանը նշեց, որ մանեժներ ավելացնելու ծրագիր դեռևս չկա․ «Երևանի մանեժը պատկանում է «Հայաստան մարզական միությանը» և ձմռանը մարզումներն այնտեղ ենք անցկացնում»։

Հարցին՝ մարզերից ձմռանը գալիս են Երևա՞ն մարզվելու՝ Ֆեդերացիայի գործադիր տնօրենն ընդգծեց, որ մարզերում հիմնականում ձմռանը բացօթյա են պարապում․ «Բայց, որ գալիս են ոչ մի խնդիր չի լինում»։

Վահագ Ջավախյանի խոսքով՝ թեպետ թեթև աթլետիկայի մարզումների համար համապատասխանում են «Հրազդան» և «Հանրապետական» մարզադաշտերը, բայց այդ նարզադաշտերը ֆուտբոլի համար են նախատեսված․ «Թեթև աթլետիկայի միջազգային մրցումները, Հայաստանի առաջնությունը, ներքին մրցումներն անցկացվում են Արտաշատի մարզադաշտում»։

ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիների վերանորոգման աշխատանքների ձգձգումը։ 

«71 մլն 860.4 հազար դրամ արդեն իսկ տրվել է համայնքին որպես սուբվենցիոն ծրագիր, որպեսզի մարզադաշտի վազքուղիները վերանորոգեն։ Այս ծրագրով պետք է Արտաշատի քաղաքապետարանը այդ գումարի 35 տոկոսն ավելացնի։ Հիմա Արտաշատի քաղաքապետն ասում է, որ չունեն այդքան գումար, որ ավելացնեն այդ 71 մլն 860.4 հազար դրամին և դիմել են, որպեսզի կառավարությունը ծրագրի փոփոխության վերաբերյալ նոր որոշում կայացնի, իսկ դա ժամանակի խնդիր է։ Բացի այդ պետք է լինի «Գնումների մասին» օրենք, որտեղ հայտարարվի տենդեր և շահողը գա իրականացնի։ Իսկ դա մոտ երկու ամիս կտևի»,-ասաց Նարինե Շահբազյանն ու պարզաբանեց, որ օրերս են դիմել կառավարությանը և պետք է արդեն կառավարությունը որոշի, որ այդ գումարը ոչ թե սուբվենցիոն ծրագրով է տալիս համայնքին, այլ օրինակ՝ որպես նվիրատվություն․ «Արտաշատի քաղաքապետարանն այնպիսի ծրագիր է ուզում, որ քաղաքապետարանը իր վրա ոչ մի պարտավորություն չունենա»։   

Ըստ Արարատի մարզպետարանի կայքէջի տեղեկատվության՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները:

Նարա Մարտիրոսյան