Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս փուլում չենք կարող խոսել Արցախի անկախության ճանաչման մասին. Դրա համար նախադրյալներ չկան. Ֆրանսահայ քաղաքագետ

Այս փուլում չենք կարող խոսել Արցախի անկախության ճանաչման մասին. Դրա համար նախադրյալներ չկան. Ֆրանսահայ քաղաքագետ
Հարցազրույց
16:36, 03 сентябрь 2021
Civic.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը։

- Պարոն Մինասյան, երեկ Արցախը նշում էր անկախության 30-րդ տարեդարձը։ Ստեղծված իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումն այս փուլում ինչքանո՞վ է հնարավոր։  

- Այս փուլում մենք չենք կարող խոսել Արցախի անկախության ճանաչման մասին, որովհետև Հայաստանը 30 տարի ոչինչ չարեց, որ Արցախի անկախությունը ճանաչվեր առաջին հերթին հենց իր կողմից։ Հետևաբար հիմա պետք չէ պատրանքների մեջ ապրել։ Կա՛մ Հայաստանը կորոշի վերջնականապես  ճանաչել Արցախի անկախութունը և, ինչու չէ, նաև միացումը, կա՛մ կշարունակենք երգել անկախության ճանաչման մասին հին երգը։ Անիմաստ է միջազգային հանրությունից պահանջել Արցախի ճանաչում, եթե Հայաստանն ինքը այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում։ Ինչո՞ւ ենք ժողովրդի մեջ նման հույսեր  արթնացնում, եթե Հայաստանն ինքը չի կարողանում իրականացնել այդ «երազանքը»։ Աշխարհում տակնուվրա իրավիճակ է, իսկ Հայաստանը դեռևս խոսում է, թե արդյոք պե՞տք է ճանաչել Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ 

- Այսինքն՝ առաջին քայլը պետք է արվի Հայաստանի կողմից։ Հայաստանն ինքը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, հետո նոր խոսի միջազգային ճանաչման մասին։ 

- Այո, և դա նորություն չէ։ Ինչո՞ւ պետք է Արևմուտքն առաջին հերթին ճանաչի Արցախի անկախությունը, եթե Հայաստանը դա չի արել։ Ինչո՞ւ պետք է ուրիշները անեն մի բան, որը դու չես անում։  

- Եթե պատերազմի օրերին, երբ ամենաշատն էր խոսվում ու քննարկվում այդ հարցը, Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, օրակարգ չբերեց այդ հարցը, հիմա որքանո՞վ է դա իրատեսական Հայաստանի կողմից։

- Կա՛մ պետք է իրատես լինել ու այդ ուղղությամբ քայլ անել, կա՛մ հին երգը երգել։ 2010 թվականին Սերժ Սարգսյանը Ղազախստանում հայտարարեց, որ եթե Ադրբեջանն իր սադրանքները շարունակի Ղարաբաղի դեմ, ապա իրենք կճանաչեն Արցախի անկախությունը։ 2010 թվականից հետո՝ 11 տարի շարունակ, ոչինչ չարվեց այդ ուղղությամբ, երբ եղավ քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ։ Ոչ մի փոփոխություն։ Հետևաբար  հիմա էլ ոչինչ սպասել հնարավոր չէ։ 

- Բայց այս փուլում Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում, ի տարբերություն Ռուսաստանի, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն շատ ակտիվ են։ Այս մասով կարելի՞ է ինչ-որ հույսեր ունենալ։ 

- Ոչ։ Ֆրանսիան ցանկանում է փրկել Մինսկի խումբը, որովհետև Թուրքիան և Ռուսաստանը վիրավորեցին թե՛ Ֆրանսիային և թե՛ ԱՄՆ-ին։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ցանկանում են փրկել Մինսկի խումբը, որովհետև ցանկանում են, որ բանակցությունները վերսկսվեն, բայց ոչ ծառայելով հայկական շահին։ Այդ շահը ժամանակավոր է։ Այս պահին ստեղծված իրավիճակը չի նշանակում, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ծառայում են հայկական շահին։ Պարզապես այս փուլում ֆրանսիական ու ամերիկյան շահերը կհանդիպեն հայկական շահին։ Վերջ։ Միայն այսքանը։ Հետևաբար պետք չէ սպասել, որ Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը պետք է քննարկեն կարգավիճակի հարց։ Հետևաբար դրսից ինչ-որ բան սպասելուց առաջ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մաքուր, թափանցիկ, շիտակ պետություն պետք է սարքեն ու ճանաչեն Արցախի անկախությունը։ Քանի դեռ տունդ մաքուր չէ, ոչ մի բան պետք չէ սպասել դրսից։ Սա է վերջին պատերազմի գլխավոր դասը։

- Այսինքն՝ հաշվի առնելով առկա վիճակը, բոլոր հակասությունները՝ կարելի է ասել, որ անիրատեսական է սպասել Արցախի ճանաչման։

- Այո։ Եթե քառօրյա պատերազմից հետո, 44-օրյա պատերազմից հետո ոչ մի բան չեղավ, ոչ մի փոփոխություն չեղավ, ապա իրատեսական չէ, որ հիմա կամ առաջիկայում Արցախի անկախությունը ճանաչվի։ Ինչո՞ւ։ Չկան դրա համար նախադրյալներ։