Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Հայաստանի դեմ ՌԴ-ն դիմի տնտեսական պատժամիջոցների, ապա կկորցնի ազդեցության բոլոր լծակները

«Ադրբեջանին պետք չէ խաղաղություն, Ադրբեջանին հարկավոր է թույլ Հայաստան։ Եթե ՀՀ-ն կարող է ինչ-որ կերպ Արևմուտքից որևէ բան ստանալ, ապա Ադրբեջանը միանգամից հակաքայլ է անում, ու դա Ադրբեջանի տակտիկան է։ Ադրբեջանը շարունակում է  կոնֆլիկտը այսպիսի միջոցներով։ Փաշինյան-Ֆոն դեր Լյայեն-Բլինքեն հանդիպումից ՀՀ-ն ոչինչ չի կորցնում, բայց կարող է ստանալ ինչ-որ բաներ, ու Ադրբեջանը փորձում է խանգարել։ Այսպիսի տակտիկան կշարունակվի երկար»։ Այս մասին ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություն է տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերն ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, մեղադրում են Արևմուտքին կողմնապահության համար։ Պարոն Իսկանդարյանից հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ է Բաքուն ջղաձգվել ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումից, և ինչի՞ սկիզբ կարող է լինել այդ հանդիպումը մեզ համար։  

Քաղաքագետի խոսքով՝ Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայումն այն բանի համար էր, որպեսզի կարողանա ազդել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, բայց հիմա ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ՌԴ-ն չի կարողանում տարածաշրջանը իր ազդեցության տակ պահել. «Ռուսաստանը շատ խանդով է մոտենում հետսովետական ցանկացած պետության հարաբերությունների լավացմանը Արևմուտքի հետ»։

Իսկանդարյանը ասում է, որ Հայաստանը զենքի գնման առումով ոչ թե չի դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, այլ փոխարինում է. «Եթե ՌԴ-ից զենքի գնումը 3 տարում նվազել է 10 անգամ, ապա դա դիվերսիֆիկացում չէ, դա փոխարինում է, բայց ՀՀ-ն դրանում մեղավոր չէ, որովհետև ՀՀ-ն չի հրաժարվել, այլ ՌԴ-ն չի կարողացել զենք վաճառել»։ 

Հարցին, թե  ինչ կարող է անել ՌԴ-ն ի հակառակ Հայաստանի արտաքին քաղաքական ու զենքի գնման դիվերսիֆիկացման, Իսկանդարյանը արձագանքեց. «Շատ բան. առաջինը տնտեսական սանկցիաներն են, բայց առայժմ դա տեղի չի ունենա։ Մենք դեռևս ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի անդամ ենք, ու Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները մեծանում են»։ 

Հարցին՝ եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գա, արդյոք ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կկիրառի՞, Իսկանդարյանը պատասխանեց. «Եթե անվտանգության ոլորտից բացի ՌԴ-ի ու Հայաստանի տնտեսական կապերը ևս ոչնչացվեն, ապա ՌԴ-ն ոչնչով չի կարողանա ազդել Հայաստանի վրա։ Դա դժվար թե ՌԴ-ին ձեռնտու լինի»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան