Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու քաղաքապետի թեկնածու կարող է լինել Լևոն Բարսեղյանը․ ո՞ր ուժերը կաջակցեն նրան․ 1in.am

Գյումրու քաղաքապետի թեկնածու կարող է լինել Լևոն Բարսեղյանը․  ո՞ր ուժերը կաջակցեն նրան․ 1in.am
Հարցազրույց
17:49, 06 сентябрь 2021
Հոկտեմբերի 17-ին՝  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում  կանցկացվեն ավագանու  հերթական ընտրությունները։ Թեպետ առ այս պահը որը քաղաքական ուժ չի ներկայացրել ավագանու համամասնական ցուցակը, մամուլում թեկնածուների ամենատարբեր անուններն են շրջանառվում։

Մասնավորապես հայտնի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է առաջադրել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախկին պատգամավոր  Սարիկ Մինասյանի թեկնածությունը։ Առաջադրվողների ցանկում շրջանառվում են նաև Վարդևան Գրիգորյանի, Մարտուն Գրիգորյանի անունները։

«Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ ընտրություններին առաջադրվելու մտադրություն ունի նաև Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և նրան  այնտեղ աջակցելու են մի շարք արտախորհրդարանական ուժեր։

Մեզ հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց, որ վերջնական որոշում չունի։ Ինքն արտախորհրդարանական մի շարք ուժերի կոչ է արել դաշինք կազմել, առայժմ քննարկումներ են ընթանում․«Կարծում եմ երկու-երեք օրից վերջնական պարզ կլինի»,-փոխանցեց մեր զրուցակիցը։

«Ժողովրդավարական» հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ է աջակցելու Բարսեղյանին․«Մենք գրագրությամբ մեր տեսակետները փոխանցել ենք, բայց Գյումրու մեր կուսակցության տղաները մնացել են նիկոլական։ Դրա համար ես Լևոն Բարսեղյանին ասել եմ, որ մեր կուսակցությունը կաջակցի, բայց տեղի կառույցի Նիկոլիզմի ցավով է տառապում։ Նախկինում մեր կուսակցության մեծամասնությունն էր Նիկոլի կողմնակից, հիմա՝ փոքրամասնությունը, բայց էլի կա, դրա համար այսպիսի խնդրի առաջ ենք կանգնում»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ևս հրավեր է ստացել մասնակցել Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկումներին։ Սկզբում առաջ է քաշվել նախապայման, որ թեկնածուի շուրջ լայն կոնսոլիդացիային չեն մասնակցի իշխող ՔՊ-ից, «Հայաստան» դաշինքից ու «Պատիվ ունեմ»-ից ներկայացուցիչներ։ Հետո, պայմանները փոխվել են․«Պարզվեց, որ պարոն Բարսեղյանը  առաջարկում է  նաև ՀԱԿ-ի մասնակցությունը։ Մեր կուսակցությունը որոշեց, որ ՀԱԿ-ի ներկայությունը բացառում է մեր մասնակցությունը»։