Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի՝ դեպի Արևմուտք ճանապարհը չպետք է խոչընդոտ դառնա հայ-իրանական հարաբերություններին

«Իրանում այս հանդիպումները գուցե կասկածներ առաջացնեն, սրանք զգայուն թեմաներ են։ Մենք միշտ լսել ենք, որ Արևմուտքը ՀՀ-Իրան հարաբերություններին ըմբռնումով է վերաբերվում, բայց այսպիսի արծարծվող թեմաները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն փորձում  է Հայաստանին ներքաշել հակաիրանական գործարքների մեջ, ու սրանք մտահոգություններ են առաջացնում»: Այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլիի այցին մեր տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, և նշեց, որ փոխարտգործնախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ քննարկվել են Իրանի վարչակարգի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը և Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը։  

Պատգամավորը նշեց, որ տարածաշրջանում Իրանն է, որ ամբողջությամբ պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը. «Չի կարելի Իրանին անտեսել, որովհետև Իրանը հենց Հայաստանի հարևանն է, ու չմոռանանք, որ իրենց երկրները, իրենց հնարավորություններով հանդերձ, ինչքան հեռու են գտնվում: Իսկ թե ինչպես ՀՀ-ն կարձագանքի այդ հայտարարություններին՝ պետք է սպասել»։ 

Ըստ նրա՝ Արևմուտքից Ֆրանսիան ունի ընդհանրական շահեր ՀՀ-ի ու Իրանի հետ, բայց երբ ԱՄՆ-ի պես երկիր է մտնում նման հարցերի մեջ, ապա դժվար է բալանս պահել Արևմուտքի ու Իրանի հետ հարաբերություններում. «Իրանը նաև ըմբռնումով է վերաբերվում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդներին, և մենք տեսնում ենք, որ որոշ պետություններ, որոնցից է Ադրբեջանը, քարոզչություն են անում, որ այդ դիտորդները հետախուզական գործունեություն են նաև  անում, ու Իրանը բնականաբար զգայուն է այդ տեսակ հարցերում։ Եթե նման գործողություններ նկատվեն, բնականաբար Իրանի քաղաքականությունը կփոխվի»: 

Բեգլարյանի խոսքով՝ թուրքական գործոնի հզորացումը տարածաշրջանում ի վնաս է լինելու ՌԴ-ին, Չինաստանին, Արևմուտքին, ու այդտեղ բալանսավորողը կարող է Հայաստանը լինել. «Այդ կոնտեքստում կարևոր է Իրան-Հայաստան սահմանը, ու Հայաստանը, լինելով փոքր երկիր, նման դերակատար կարող է դառնալ Իրանի համար»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան