Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանական կողմի սադրանքները կշարունակվեն այնքան, մինչև Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը»․ Ստեփան Գրիգորյան

«Ադրբեջանական կողմի սադրանքները կշարունակվեն այնքան, մինչև Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը»․ Ստեփան Գրիգորյան
Հարցազրույց
18:48, 06 сентябрь 2021
Ադրբեջանն այս անգամ Իլհամ Ալիևի խորհրդականի՝ Հիքմեթ Հաջիևի շուրթերով է պնդել, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Ալիևի խորհրդականի հարցազրույցը հրապարակել է BBC-ի ադրբեջանական ծառայությունը։ 

Նշենք, որ Ադրբեջանը 44-օրյա արցախյան պատերազմից հետո մինչ օրս չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը։ 

Civic.am-ը զրուցել է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, Ադրբեջանը վերջերս բավական հաճախ է պնդում, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, մինչդեռ Հայաստանի ղեկավարության կողմից համապատասխան մակարդակի սուր հակադարձում չենք տեսնում։ Ինչի՞ սպասենք այսքան հայտարարություններից հետո։ 

- Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ նույնիսկ 90-ականների խայտառակ պարտությունից հետո էլ, միշտ նույն բանն էր ասում՝ և՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 տարածքները, և՛ Լեռնային Ղարաբաղը համարելով Ադրբեջան։ Սակայն այս վերջին պատերազմից հետո, երբ իրենք հաջողության հասան, իրենց հռետորաբանությունը էլ ավելի կոշտացավ, և հիմա ոչ միայն ասում են՝ Լեռնային Ղարաբաղը մերն է, այլև ասում են՝ Լեռնային Ղարաբաղ չկա, այդ ձևի միավոր չկա։ Այնպես որ, մեզ համար նորություն չի Ադրբեջանի նախագահի խորհրդականի ասածը, մեզ համար կարևոր է, թե ինչպես է պահում իրեն Ռուսաստանը։ Ռուսաստանը դժբախտաբար սպասարկում է Ադրբեջանի օրակարգը՝ դեմարկացիա, դելիմիտացիա, միջանցքների հարց։ Իսկ դա մտահոգիչ է, որովհետև Ռուսաստանի դերը մեծ է, խաղաղապահները կանգնած են։ Ու ես ինչքան հասկանում եմ, Ռուսաստանն այս փուլում ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղի մնացած մասն էլ տա Ադրբեջանի վերահսկողությանը։ Ռուսաստանը ոչ մի արձագանք չի տալիս Ադրբեջանի այդպիսի խայտառակ հայտարարություններին, ավելին՝ Ռուսաստանի ղեկավարներն ասում են՝ այո, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է։  Այս խոսքերը պատերազմից հետո ասացին նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  

- Ադրբեջանի կողմից Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չստորագրելն ու Ռուսաստանի մեղմ քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ կհանգեցնե՞ն նոր ռազմական բախումների՝ նախքան խաղաղապահ առաքելության 5 տարին լրանալը։  

- Ես կասկած չունեմ, որ ադրբեջանցիների կողմից սադրանքներ կլինեն, սահմանային սրացումներ՝ կրակոցներ կլինեն, բայց չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ լինի։ Իսկ ադրբեջանական կողմի սադրանքները կշարունակվեն այնքան, մինչև Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը, սակայն դժվար է ասել՝ Ռուսաստանը կգնա՞ քաղաքականության փոփոխության, թե՞ ոչ։ Այս փուլում Ռուսաստանը հակված է Ադրբեջանին աջակցել և աջակցում է։ Ադրբեջանն այնքան լկտիացավ, որ երբ Ռուսաստանի պետգնումների կայքում գրված էր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար պետք է գնումներ անեն ռուսները՝ Ադրբեջանը բողոքի նոտա ուղարկեց, իսկ ռուսներն էլ արդարանում էին։ Ռուսաստանը ստանձնել է Արցախի հայերի պաշտպանության մանդատը, Ռուսաստանը պարտավոր է նաև ադրբեջանցի զինվորներին զենքով հանել Հայաստանի տարածքից։  Ադրբեջանը չի գնա սադրանքների Ռուսաստանի կողմից իր մանդատի շրջանակներում Հայաստանին աջակցելուց հետո միայն։ 

- Օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և սպասում է Ադրբեջանի կողմից քայլի։ Իսկ Ադրբեջանն էլ իր հերթին պնդում է, թե Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն Հայաստանը չի արձագանքում։ Հիմա մե՞նք ենք սպասում Ադրբեջանի կողմից քայլի, թե՞ Ադրբեջանն է սպասում մեր կողմից քայլի։  

- Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում, որ կայունություն լինի տարածաշրջանում։ Հայաստանի կառավարությունը ճիշտ արեց, որ ասաց՝ եկեք սկսենք դեմարկացիան։ Իսկ Ադրբեջանը չի համաձայնում. դա խոսում է այն մասին, որ իրենք անընդհատ ապակայունացնում են իրավիճակը։ Դելիմիտացիա ու դեմարկացիա ասելը Ադրբեջանի համար առիթ է՝  մեր տարածք մտնելու համար։ Ադրբեջանը չի ուզում դեմարկացիա և դելիմիտացիա արվի, դրանք խաղեր են՝ թե ինքն ուզում է, և այդ ստերը տարածում է աշխարհով մեկ։ Դա պրոպագանդա է, և մենք էլ մեր խողովակներով՝ դիվանագիտական, հասարակական, ճշմարտությունը պետք է հասցնենք աշխարհին։ Ադրբեջանը տեսնում է, որ Ռուսաստանն իրենց կողմն է, և ձգձգում է, որ ավելի շատ բաներ կորզի մեզնից՝ միջանցքներ բացեն։ 

- Դուք զրույցի սկզբում ասացիք, որ 30 տարի շարունակ Ադրբեջանը նույնաբովանդակ հայտարարություններ է արել, իբր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանինն է, և դա արել է նույնիսկ իր պարտվելուց հետո։ Ադրբեջանը պարտված էր և հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղն իրենցն է, իսկ մենք ոչ հաղթած ժամանակ, ոչ էլ հիմա կոշտ հակադարձում չենք տալիս Ադրբեջանին իր այդ հայտարարությունների դիմաց։ Դուք ճի՞շտ եք գնահատում Հայաստանի կողմից այս զուսպ քաղաքականությունը։  

- Ես կարծում եմ՝  անպտուղ բանավեճերի մեջ պետք չի մտնել, բայց կառավարությանն առաջարկում եմ այլընտրանքներ ստեղծել և աշխատել մյուս երկրների հետ։ Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գաղափարը պետք է ռեալիզացնել ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Իրանի հետ։ Ես տեսնում եմ և ԱՄՆ-ի հայտարարությունները, և ԵՄ-ի լրջագույն ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ այս ամենը պետք է օգտագործել։ Եթե մենք կենտրոնանանք միայն Ռուսաստանի վրա, հետևանքները ծանր կլինեն։ Ռուսաստանն ընդգծված պրոադրբեջանական քաղաքականություն է վարում։ Ադրբեջանն էլ լկտիանում է, նույնիսկ ռուսներին է մերժում, ատելություն է սերմանում ռուս խաղաղապահների դեմ, և նույնիսկ այս պարագայում Ռուսաստանն իրեն սխալ է պահում։ Ադրբեջանը դեմ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերսկսի իր աշխատանքը, իսկ ինչի՞ է դեմ, քանի որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներն ընդգծված պրոհայկական են, ընգդծված օբյեկտիվ են։   

- Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը իր գործունեության ժամանակահատվածում, ավելի քան մեկ ամիս առաջ, «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ Ֆրանսիան պատրաստ կլինի քննել պաշտպանության ոլորտում հայկական իշխանությունների կողմից իրենց ուղղված բոլոր հայտերը։ Բայց նաև ընդգծեց, որ Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն, ինչպես նաև իրենց դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Ի տարբերություն Ֆրանսիայի՝ Հայաստանը ռազմական գործողությունների ժամանակ օգնության ակնկալիք ունի Ռուսաստանից։ 

- Ռուսաստանը պատերազմի ժամանակ մեզ չաջակցեց՝ ակնհայտ չաջակցեց, այո, մենք սպասում էինք, որ կաջակցի։ Եվ չաջակցեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև նույնիսկ  Հայաստանի սահմաններին ռազմական գործողություններում, երբ մեզ վրա հարձակվեցին։ Մեր ակնկալիքները սխալ երկրից են գալիս։ 
Ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ը չի աջակցում Ուկրաինային ու Վրաստանին, ԱՄՆ-ը զենքով չի աջակցում նրանց։  ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Եվրոպա՝ իրենց սկզբունքը այն է, որ քեզ աջակցեն, որպեսզի քեզ վրա չհարձակվեն։ Օրինակ՝  իրենք Ուկրաինային տվեցին սիստեմա, որը պայթեցնում է տանկը, բայց չտվեցին սիստեմաներ, որով Ուկրաինան կարող է հարձակվել Ռուսաստանի վրա։ Իրենք ասում են՝ մենք չենք աջակցի, որ դուք կռվեք Ադրբեջանի հետ, բայց կաջակցենք, որ դուք ձեզ պաշտպանեք։ 

Նարա Մարտիրոսյան