Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը պիտի բարձրացնի Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը. փորձագետը՝ թուրք-ադրբեջանական վարժանքների մասին. ՀԺ

Հայաստանը պիտի բարձրացնի Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը. փորձագետը՝ թուրք-ադրբեջանական վարժանքների մասին. ՀԺ
Հարցազրույց
17:41, 07 сентябрь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Լաչինում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ ընդգծելով, որ համատեղ զորավարժությունները ընթանում են՝ համաձայն թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության համաձայնագրի։

ՀԺ-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին Ադրբեջանը համատեղ առնվազն երեք ռազմական վարժանք է անցկացնում՝ «ԹուրԱզ Շահինի - 2021» թուրքական Քոնյա քաղաքում, «Երեք եղբայր - 2021» թուրք-պակիստան-ադրբեջանական վարժանքներ Ադրբեջանում և թուրք-ադրբեջանական՝ Բերձորի շրջանում։

Խոսելով հայկական օկուպացված տարածքներում զորավարժանքներ իրականացնելու փաստի մասին՝ Հովհաննիսյանը նկատեց՝ պետք է հաշվի առնել՝ զորավարժությունները միջանցքից դեպի հյուսիս ընկած տարածքո՞ւմ են իրականացվում, թե՞ հարավ. «Միջանցքից դեպի հյուսիս զորավարժանքներ կատարելը կարելի է համարել սադրանք: Ադրբեջանը և Թուրքիան այս ամենով փորձում են ցույց տալ, որ գործում են համատեղ, ինչպես նաև ցանկանում են ընդգծել այն փաստը, որ ադրբեջանական բանակը վաղ թե ուշ թուրքական բանակի հետ միասին է գործելու»:

Դիտարկմանը՝ տարածքները, որտեղ կատարվում են զորավարժանքները, մոտ են նաև ՀՀ-ին՝ Սյունիքի հատվածից, փորձագետը նշեց՝ զորավարժանքներով Ադրբեջանը նաև փորձում է հասկանալ Հայաստանի և Ռուսաստանի արձագանքը՝ հետագայում ավելի լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար:

Հարցին՝ ՀՀ-ի կողմից ինչպիսի՞ արձագանք պետք է լինի, Հովհաննիսյանը շեշտեց՝ դատապարտող. «Գրավյալ տարածքներում ցանկացած զորավարժություն Հայաստանը պետք է դատապարտի, քանի որ դրանք ստեղծում են ռազմական իմիտացիա առանց այն էլ այս շիկացած ժամանակներում: Ադրբեջանը հրապարակայնորեն խոսում է այս զորավարժանքների մասին, շիկացնում է մթնոլորտը, և եթե խոսում ենք հակազդող գործողությունների մասին, ապա Հայաստանը պետք է անընդհատ դատապարտի դրանք»:

Կարեն Հովհաննիսյանի պնդմամբ՝ Հայաստանը պետք է խնդիրներ ստեղծի Ադրբեջանի համար. «Ադրբեջանը չի կարող ամեն անգամ հանգիստ անցկացնել իր զորավարժանքները, հետո կրկին մտածել նորերի մասին: Այլ պետք է մտածի, որ հաջորդ նմանատիպ գործողությունը ենթարկվելու է քննադատության և դատապարտման: Հայաստանը պետք է բարձրացնի Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը, քանի որ տվյալ զորավարժանքներն իրականացվում են ՀՀ-ի բնակելի տարածքներին բավականին մոտ շրջաններում, իսկ միջազգային նորմատիվներով արգելվում է այդպիսի տարածքներում զորավարժություններ իրականացնել»:

Հարցին՝ Հայաստանը նույնպե՞ս պետք է զորավարժություններ սկսի, փորձագետը նշեց՝ ՀՀ-ն պետք է անցնի ակտիվ ռազմական զորավարժություններ անցկացնելուն. «Զորավարժությունները պետք է անցկացվեն համատեղ այլ երկրների հետ, և ես չեմ խոսում միայն Ռուսաստանի Դաշնության մասին: Մեզ համար շատ լավ ռազմավարական դաշնակից կարող է լինել Ֆրանսիան, Հունաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը: Պարզապես մենք պետք է կարողանանք աշխատել այդ պետությունների հետ, բայց դա այնպես չէ, թե երկու օրվա գործ է»,- նկատեց փորձագետը:

Հարցին էլ՝ վերջին շրջանում սահմանային միջադեպերը կարո՞ղ ենք կապել տվյալ զորավարժանքների հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Զորավարժություններն ունեն հակաահաբեկչական բնույթ: Ադրբեջանն անընդհատ կրկնում է, որ կարող է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, և ես կարծում եմ, որ այս զորավարժանքների միակ հասցեատերերը Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունն են»,- եզրափակեց ռազմական փորձագետը: