Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովին պետք է հարցնել, թե ինչ են ուզում անել. պետք է վատին սպասենք. Գուրգեն Մելքոնյան

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմա որ կան, այդպես էլ մնալու են և ավելի են սրվելու, որովհետև իրական Հայաստանը, որ պատկերացնում ենք, մեր 29.800 քառակուսի կմ-ն է, ու ՌԴ-ի համար մեկ է՝ իրական Հայաստան է, թե պատմական Հայաստան։ Իրենք խնդիրներ ունեն իրենց առաջ դրած, որ պետք է կատարեն, ու խնդիրներից գլխավորը իրենց համար «Զանգեզուրի միջանցքն է», որ պետք է այդ տարածքը պատկանի Ադրբեջանին, ու իրենք այդտեղ իրականացնեն վերահսկողություն»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։

Մելքոնյանը նշեց, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը կատարում է Մոսկվայի պահանջները. «Ընդդիմությունը Ռուսաստանի նարատիվներն է տարածում Հայաստանում,  ու մենք մի օր չտեսանք, որ իրենք խոսեն պետական շահից, մեր ազգային շահից։ Իրենք խոսում են ՌԴ-ի շահերից ու միշտ ռուսական շահն են բարձր պահում, թե ՌԴ-ն ինչ ձևի է որևէ հարցի վերաբերվում, կամ Մոսկվայից մեր պետական շահին ոնց են վերաբերվում»։

Մելքոնյանը նշեց, որ ՌԴ-ն հնարավորություններ ունի տարածաշրջանում պատերազմական իրավիճակ ստեղծելու. «Մոսկվան կարող է ցանկացած պետության վրա հարձակվել հանուն իր  շահերի. եթե իր շահը թելադրի, որ պետք է հարձակվել Հայաստանի վրա, ապա կհարձակվի»։

Մելքոնյանը հավելեց. «Մոսկվան մեզ փոխեց Ադրբեջանով, ու դա այն դեպքում, երբ Հրվ. Կովկասում մենք էինք իր դաշնակիցը, իսկ Ադրբեջանը մանևրում էր Թուրքիայի հետ, Վրաստանն էլ գնում էր դեպի ԵՄ։ Միայն ՀՀ-ում են ռուսական զորքեր գտնվում մինչ օրս, ու դա ՌԴ-ի շահերով է պայմանավորված, ոչ թե Հայաստանի»։

Հարցին, թե ՌԴ-ն՝ ի հակառակ Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունների զարգացման, ինչ քայլեր կարող է անել Հայաստանի դեմ, Մելքոնյանը նշեց. «Դա այնպիսի հարց է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովին պետք է հարցնել, թե ինչ են ուզում անել։ Մենք պետք է վատին սպասենք, որովհետև իրենք  իրենց լրատվամիջոցներով Հայաստանը համարում են թշնամի»։
 
Դավիթ Լևոնյան