Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի չգործելուն պետք է հետևեր մի բան՝ վզակոթներին տալ և ռադ անել. Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար նորություն չէր Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությունը, թե Մինսկի խումբը, ըստ էության, աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցության հարթակ էր, և չէին կարող աշխարհաքաղաքական երեք կենտրոնների և Մինսկի խմբի մյուս անդամների շահերը միաժամանակ համընկնել ԼՂ հարցում։ 

Մեհրաբյանը հիշեցրեց, որ Մինսկի խումբը ստեղծվել է 90-ականների սկզբին՝ որպես կոնսենսուսային հարթակ, սակայն Ռուսաստանում տեղի ունեցած «մուտացիաների» բերումով այն վերածվեց հակամարտության հարթակի։

Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական ներկայությունը պետք է վերացնել Հայաստանից. «Ռուսական ներկայությունը Հայաստանում նույնն է, ինչ խոլերան, և այն պետք է վարակազերծվի»։

Մեհրաբյանը պնդում է՝ Հայաստանը չի կարող ընտրել՝ դառնալ Ուկրաինա՞, թե՞ ոչ։ Միաժամանակ, Հայաստանը կարող է ընտրել՝ չդառնալ Բելառուս։

«Հայաստանը չի որոշում՝ դառնա՞լ Ուկրաինա, թե՞ չէ, եթե ռուսներն են մեզ նշանակում Ուկրաինա, Հայաստանն այստեղ ընտրելու բան չունի։ Հայաստանը, լավագույն դեպքում,  կարող է ընդունել դա ի գիտություն և նայել ճշմարտության աչքերի մեջ։ Հայաստանի ձեռքում է՝ որոշել չդառնալ Բելառուս։ Ռուսաստանը այսօր մեզանից դա է ուզում»։

Անդրադառնալով ՀՕՊ համակարգի՝ Հայաստանի հրամանով չմիանալու Փաշինյանի հայտարարությանը՝ Մեհրաբյանն ասաց. «Դրան պետք է հետևեր մի բան՝ վզակոթներին տալ և ռադ անել, այդ համաձայնագիրն էլ մատով բերանները մտցնել։ Պետք է այդ համաձայնագիրը պատառոտվեր և 24 ժամ տրամադրվեր, որպեսզի այդ թափթփուկները Հայաստանը լքեին»։
 
Հայաստանն, ըստ Մեհրաբյանի, ոչ ռիսկային քայլ չունի։ Պետք է դուրս գալ նոյեմբերի 9-ի համաձայնագրից։ Ռուսները, ըստ նրա, անընդհատ գալու են այդ կետի հետևից։ 

Անդրադառնալով Հայաստանի ներսում եղած կարծիքներին, թե եթե նոյեմբերի 9-ի կետը հայկական կողմը կատարեր, Ղարաբաղն այսօր այս վիճակին չէր լինի Մեհրաբյանն ասաց. «Այդ տեսակետն ունեցողը թող հենց հիմա գնա Դոնբասում կատարի՝ սև գույնի ցելոֆանն էլ հետը վերցրած, որպեսզի իր երաշխավորը ծախս չանի իր լեշը տեղավորելու վրա։ Ես միայն այդպիսի խորհուրդ ունեմ նման բան ասողին և մտածողին»։
 
Մանրամասն՝ տեսանյութում 
 
Վովա Հակոբյան