Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսների հետ մենք անելիք չունենք․ ստիպված ենք գնում որոշ քայլերի, որովհետև մեզ կործանում են

Սովորական մարդու քնից հանես, ասես՝ գիտե՞ս մենք մինչև երեկ ռուսամետ էինք, բայց իմացի, որ վաղվանից գնում ենք Եվրամիություն, այդ մարդիկ ուզու՞մ են, պատրա՞ստ են, գիտե՞ն դա ինչ է։ Նման կտրուկ փոփոխությունները պետք է հանրության հետ քննարկել, հասկանալ, թե հանրությունն ինչ է ուզում։ Խոսելով Եվրամիության Հայաստանի հեռանկարների մասին ասաց բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։

«Կողքից տպավորություն է, որ ռուսների հետ մենք անելիք չունենք, որովհետև ռուսները մեզ անընդհատ քցում են, մեզ նեղում են, և մեզ մոտ ոչ թե ընտրություն է, թե՝ երկուսն էլ լավն են, մենք էլ ընկել մտածում ենք, թե որի՞ն ընտրենք, որի՞ հետ մեզ համար ավելի լավ կլինի։ Մենք ուղղակի հասել ենք մի իրավիճակի, երբ այնտեղ մեզ համար շատ վատ է, մեզ անընդհատ խաբում են, քցում են, իսկ մյուս տեղում ասում են՝ եկեք ձեզ կօգնենք։ Փաստ չի, որ կօգնեն, մեզ չեն խաբի, վերջիվերջո դա քաղաքականություն է, և մենք շատ ենք տեսել, որ տարբեր պետությունների զոհաբերել են, խաբել են։ Ես հաճախ տեսնում եմ, որ մեր պետական քաղաքականության մեջ մենք ոչ թե մանևրներ ենք անում, այլ ուղղակի ստիպված ենք գնում որոշ քայլերի, որովհետև տեսնում ենք, որ այստեղ մեզ կործանում են ու ուզած չուզած փրկության ճանապարհ ենք փնտրում»։

Ռուսաստանը, ըստ Տեր-Մինասյանի,  գնալով հավասարվում է Հս․ Կորեային՝ ամենուրեք Պուտինի նկարներն են, ազատությունները սահմանափակված են՝ չնայած թղթի վրա այն դեմոկրատական պետություն է։ «Ուր նայում էինք Պուտինի նկարն էր․ կատակում էինք, ասում՝ կարո՞ղ է զուգարանում էլ լինի․ իսկ թղթերով դեմոկրատական երկիր է, իրականում՝ Հս․ Կորեա հիշեցնող տոտալիտար զզվելի համակարգ է», - ասում է բժիշկն ու անդրադառնալով մեր խնդիրներին ասում․ «Մեր մեծագույն պրոբլեմներից է, որ դարերով չենք ունեցել պետականություն և չունենք մեր ուրույն ձեռագիրը․ հիմա փորձում ենք հասկանալ, թե մենք ո՞վ ենք։ Մինչև 2018-ը մենք ազատ երկիր չէինք, կարող էին խոսքի համար սպանել, բայց դրանից հետո էլ պարզվեց, որ մեր հասարակությունը պատրաստ չէր այս աստիճանի ազատության, որովհետև պարզվեց, որ կարող է ով ուզի, ում ուզի հայհոյի»։

Խոսելով Ռուսաստանի եկող հնարավոր ռիսկերի մասին Վահե Տեր-Մինասյանը տնտեսական սանկցիաներից խոսեց, որը կարող է Ռուսաստանը կիրառել Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանը մեծապես կախված է ՌԴ-ից։ «Ռուսաստանը պատկերացնու՞մ եք ցանկության դեպքում մեր էկոնոմիկայի հետ ինչ կարող է անել ու անելու է, բայց հո ամբողջ կյանքներս գերի չե՞նք մնալու իրենց ձեռքը։ Ակնհայտ է չէ՞, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան խաղում են մի կողմում։ Նայեք ինչ ակնհայտ զրպարտությամբ է զբաղվում Մարիա Զախարովան։ Նա իմ երկրի մասին խոսում ու խոսում է ակնհայտ անհարգալից, լկտի ձևով ասում է՝ խաղաղապահները ամեն ինչ արել են, մենք նոյեմբերի 9-ի բոլոր կետերը կատարել ենք, հայերը 9-րդ կետը չեն կատարել»։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան