Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը բացահայտել է Պուտինի հետ գործարքը, որ ռուսները դուրս կգան Ղարաբաղից

Ռուսաստանը փորձում էր Արցախում կատարված էթնիկ զտումից հետո որոշ քանակով հայերի հետ վերադարձնել Լեռնային Ղարաբաղ, բայց քանի որ արցախահայերից որևէ մեկն այլևս չէր հավատում ՌԴ խոսքին ու երաշխիքներին, ռուսները ստիպված եղան հեռանալ։ ՌԴ խաղաղապահների՝ ԼՂ-ից հեռանալու մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։ 

Քաղաքագետը երկու պատճառ է մատնանշում, թե ինչու խաղաղապահները հիմա և ի վերջո դուրս եկան Արցախից։ Մեկը՝ Ադրբեջանը Արևմուտքում ընկալվում է որպես Պուտինի ձեռքին գործիք, և ստիպված եղան տպավորություն փոխել, որ դա այդպես չէ, և Ալիևը հանում է ռուսներին Ղարաբաղից, կամ դա հասկացել է Ալիևը և գնացել այդ քայլին։

«Հատկապես ապրիլի 5-ի հանդիպումից հետո, որը բավական լուրջ հանդիպում էր և շատ լուրջ ազդեցություն է թողել հետագա զարգացումների վրա։ Ադրբեջանն անգամ խնդրեց Թուրքիային, որպեսզի վերջինս օգնի հետաձգել այդ հանդիպումը։ Հետևաբար՝ Պուտինն ու Ալիևը շարունակում են խաղա՞լ միասին, թե՞ Ալիևն է հասկացել, որ ինքը մեծագույն խնդիրներ կունենա, եթե այդ տպավորությունը պահպանվի, որ ինքը բարիկադների մյուս կողմում է և այլ լիգայում է խաղում՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց Սաֆարյանն ու նշեց. «Ալիևը տեղ է թողնում իր նկատմամբ վերաբերմունքի մեղմացման համար, որովհետև ճանապարհում է ռուս խաղաղապահներին։ Հիմա նա դա անում է Պուտինի հետ համաձայնեցվա՞ծ՝ իր իմիջը փոխելու համար, թե՞ գիտակցում  է հետևանքները Ադրբեջանի համար և դա անում է իրեն փրկելու համար՝ ժամանակը ցույց կտա»։

Սաֆարյանի կարծիքով՝ սեպտեմբերի 19-ին Արցախի էթնիկ զտումը և Ռուսաստանի լուռ համաձայնությունը դրան ցույց էին տալիս, որ Ռուսաստանը ամբողջությամբ վաճառել է Արցախը և պետք է դուրս գա, հետևաբար   Ռուսաստանը պետք է պատրվակներ ստեղծեր, դա աներ Ադրբեջանի ձեռքերով։ Սաֆարյանը մատնանշում է ռուսական նարատիվները, որով վերջիններս փորձում են ցույց տալ, թե իրենց՝ Ղարաբաղից դուրս գալու մեջ մեղավոր են հայերը, ադրբեջանցիները, և իրենք ստիպված են եղել դուրս գալ։ Բայց սրա տակ, ըստ Սաֆարյանի, խորը ռուս-ադրբեջանական գործարք կա։ Նա հիշեցրեց, որ դեռևս անցած տարվա ամռանը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, Էրդողանը հայտարարություն է արել, որ Պուտինն իրեն խոստացել է մինչև սահմանված ժամկետները ռուսական զորքերը դուրս բերել Արցախից։ «Ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ Արցախում դեռևս 150 հազար հայ էր ապրում... Ռուսաստանը, մեղքը գցելով Հայաստանի ու Ադրբեջանի գրպանը, փորձում է թաքցնել այն խոստումը, որն ինքը տվել է Էրդողանին։

Այս գործարքը բացահայտել է Էրդողանը, որն ասել է, որ Պուտինի հետ ինքը այդպիսի գործարք ունի»,- ասաց Սաֆարյանը։
Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, իր սխալ հաշվարկների պատճառով լքում է տարածաշրջանը։ Ստատուս քվոն փոխելու որոշումը կայացվել է Մոսկվայում, և դրա հետևանքները պետք է կրի Մոսկվան։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան