Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանhub-ում այդ պահվածքը որևէ լավ տեղ չի տանելու իրենց. դրանց պետք է բացատրել իրականությունը. Անդրանիկ Քոչարյան

«Ցեղասպանության զոհերի թվի մասին որևէ մեկը չի խոսել, թիվը կարող է մեծանալ կամ փոքրանալ, բայց Ցեղասպանությունը որևէ մեկը չի կարող ժխտել՝ բացի Թուրքիայից։ Իմ ասածը այն է, որ Ցեղասպանության փաստերը պետք է շատացնել։ Ցեղասպանության  իրավական ուժեղ հիմքերի վրա պետք է աշխատել, պետք է հարստացնել իրավական բազան։ Ցեղասպանության թանգարանի ամբողջ գործունեությունը պետք է միտված լինի դրան»: Այս մասին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝  անդրադառնալով Ցեղասպանության հետ կապված իր արտահայտած մտքին, որ պետք է ցուցակագրել Ցեղասպանության զոհերին։
Քոչարյանը նշեց, որ որոշները սկսեցին շահարկել իր խոսքերը. «Այստեղ կար մի նպատակ, որ Թուրքիայից ավելի հստակ փաստերով պահանջատեր լինենք։ Մենք պետք է իմանանք այդ մարդկանց տվյալները, կորուստները, ունեցվածքը և այլն։ Մեր իրավաբանները պետք է ունենան իրենց փաթեթները, որով պետք է աշխատեն թուրքական իշխանությունների ոճրագործությունների փոխհատուցման համար»։ 

Պատգամավորի խոսքով՝ տարբեր անհատներ փորձել են իր խոսքը օգտագործել իրենց անձնական ամբիցիաները սպասարկելու համար. «Թագուհի Թովմասյանի հարցազրույցը Վանեցյանhub-ում վերջն էր։ Տիկինը շատ մեծ լարվածությամբ պահել է իր հետ կատարվածը ԱԺ-ում, երբ ԱԺ-ի մեծամասնությունը իրեն հաջողություն մաղթեց, որ ինքը չի կարող Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ լինել։ Տիկինը նույնիսկ հայելու դեմ իր դիմագծերին չնայելով՝ փորձեց անվայելուչ արտահայտություններով մեղադրել ինձ։ Իր այդ պահվածքը որևէ տեղ չի հասցնելու իրենց ու առավել ևս Վանեցյանhub-ին, իրենց հետաքրքրում է  սենսացիան և աղմուկը»։
Պատգամավորը հավելեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիան ընդունի Ցեղասպանությունը։ Իմ ասածը այն է, որ Թուրքիայի դեմ մեր պահանջատիրությունը պետք է  փաստարկված լինի։ Մենք պետք է Թուրքիայից հարցումներ անենք և այդ տվյալները ստանանք, թող իրենք ասեն՝ չկա, բայց երբ փաստերը դնենք սեղանին, այդ հիմքերով մեր իրավաբանները գնալու են մեր իրավունքները պաշտպանեն։ Մեր ունեցվածքի վերադարձի խնդրի շուրջ պետք է լինեն դատական որոշումներ, իսկ Ամերիկայում նստած ինչ-որ բլոգեր փորձում է հակադարձել ինձ։ Եթե նրանք դա չեն հասկացել, ապա խնդրում եմ ամերիկյան բլոգերից մինչև մեր ամենատիտղոսակիր ազգագրագետին բացատրել այս իրականությունը»։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան