Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան խռոված կեցվածք է որդեգրել, հնարավոր է նրանք ազդեցություն ունեն ընդդիմության քայլերի վրա

«Ընդդիմությանը ձեռնտու է, որ անորոշ վիճակը պահպանվի, հասունացնեն լարված վիճակ, որպեսզի հասնեն հեղաշրջման»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որով մերժում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ 

Ըստ նրա՝ այս ցույցերն ու լարվածությունը արհեստածին են, և ընդդիմադիրներին շուտով հիասթափություն է սպասվում, իսկ ինչ վերաբերում է որոշ հոգևորականների ներգրավվածությանը այդ ցույցերի կազմակերպչական աշխատանքներին, Ղազարյանն ասաց. «Եկեղեցին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, որը ողջունելի չէ»։

Ղազարյանը կարծում է, որ եթե չկարողանանք իրականացնել սահմանազատման գործընթացը, ապա Ադրբեջանը կարող է փորձել ռազմական ուժով խնդիրը լուծել: Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ, Ղազարյանը նշեց. «Վաղուց Մոսկվայի հայտարարություններին հասարակ ունկնդիրն էլ ուշադրություն չի դարձնում։ Մոսկվան խռոված կեցվածք է որդեգրել, հնարավոր է նրանք ազդեցություն ունեն ընդդիմության քայլերի վրա»։
 
Դավիթ Լևոնյան