Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՓՊ նախագահի քաղաքական գործունեությունը էապես մեծ հարված հասցրեց ազատ, անկախ փաստաբանությանը. հանրության մեջ ընկալում առաջացավ, որ ՓՊ-ն ընդդիմադիր որոշակի օրակարգ սպասարկող կառույց է». Գևորգ Գյոզալյան

«ՓՊ նախագահի քաղաքական գործունեությունը էապես մեծ հարված հասցրեց ազատ, անկախ փաստաբանությանը. հանրության մեջ ընկալում առաջացավ, որ ՓՊ-ն ընդդիմադիր որոշակի օրակարգ սպասարկող կառույց է». Գևորգ Գյոզալյան
Հարցազրույց
19:10, 08 сентябрь 2021
2021թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի են ունենալու ՓՊ նախագահի ընտրություններ:

Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում։

Civic.am
-ը թեմայի շուրջ զրուցեց վերջինիս հետ։

- Ձեր հիմնական մրցակից Սիմոն Բաբայանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ՓՊ-ն բավական լավ վիճակում է հանձնվում հաջորդ նախագահին։ Համաձա՞յն եք այդ դիտարկման հետ։

- Չէ, ես այդպես չեմ կարծում։

- Այդ դեպքում, ի՞նչ թերություններ կան ՓՊ-ում։ Եթե նախագահ դառնաք, ի՞նչը կփոխեք Փաստաբանների պալատում։ 

- Ես ինչքան տեղյակ եմ պարոն Բաբայանի նախընտրական ծրագրից, նրանք ասում են, որ այն, ինչ արել ենք, ճիշտ ենք արել, լավ ենք արել, ամեն ինչ լավ է, և փոխելու ոչինչ չկա, և մենք պետք է փորձենք դրա վրա նույն ձևով ավելացնել։ Իմ նախընտրական ծրագիրը էականորեն տարբերվում է պարոն Բաբայանի ծրագրից այն առումով, որ ես ասում եմ՝ ինչ արել ենք, ամբողջությամբ պետք է փոփոխվի, որովհետև այն, ինչ արել ենք, կարծում եմ, որ սխալ ենք արել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է զսպումների և հակակշիռների մեխանիզմին։ Խորհրդի անդամները չպետք է միաժամանակ զբաղեցնեն այլ պաշտոն Փաստաբանների պալատում։ Խոսքը վերաբերում է նաև օրենսդրական կարգավորումներին, ըստ որոնց՝ մի փաստաբան կարողանում է խորհրդի 12 անդամ ընտրել, որի պայմաններում ուղղակի խեղաթյուրվում է արդար ընտրությունների գաղափարը։ Սա պետք է վերացվի, և պետք է լինի մեկ ձայն՝ մեկ փաստաբան սկզբունքով։ Պետք է հստակ տարանջատում կատարվի Խորհրդի և Պալատի նախագահի գործառույթների միջև։ Մասնավորապես՝ Խորհրդի նախագահը այսօր ի պաշտոնե Փաստաբանների պալատի նախագահն է, ինչը էապես քանդում է այդ զսպումների, հակակշիռների մեխանիզմը։ Մենք պետք է օրենսդրորեն նախատեսենք, որպեսզի Խորհրդի անդամները իրենց միջից ընտրեն իրենց նախագահին։ Պետք է նաև կարգապահական հանձնաժողով ստեղծվի, և կարգապահական հանձնաժողովը պետք է քննի փաստաբանների վերաբերյալ գործերը, ոչ թե խորհուրդը։ Ես գնում եմ փոփոխությունների օրակարգով։ Պարոն Բաբայանը փոփոխությունների օրակարգով չի գալիս։ 

- Հատկապես քաղաքական վերջին իրադարձություններից և ընտրություններին «Զարթոնք» կուսակցության միջոցով մասնակցությունից հետո քննադատություն է հնչում, որ Արա Զոհրաբյանը խիստ քաղաքականացրել է ՓՊ-ն, և համապատասխան օրենքի անհրաժեշտություն կա։ Համաձա՞յն եք այս պնդման հետ։ Արդյոք պատրաստվո՞ւմ եք ՓՊ-ն քաղաքականությունից զերծ պահող օրինագիծ ընդունել։

- Օրենքը, որ մենք ունենք, դա ենթադրում է։ Եթե կարդաք մեր օրենքը՝ կտեսնեք, որ Փաստաբանների պալատը մասնագիտական միավորում է։ Այլ հարց է, որ նմանատիպ երևույթներից զերծ պահելու համար ես նախաձեռնությամբ եմ հանդես գալու, որ ՓՊ նախագահը, Խորհրդի անդամները կամ ՓՊ մարմիններում ընդգրկված այլ փաստաբաններ չպետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ։ Որովհետև ՓՊ նախագահի վերջին գործողությունը, որ նա արեց որպես  ՓՊ նախագահ և ասում է, որ որպես ՓՊ նախագահ հանդես չի եկել, այլ՝ ազատ քաղաքացի, էապես մեծ հարված հասցրեց ազատ, անկախ փաստաբանությանը, որովհետև հանրության, անաչառ դիտորդի մեջ ընկալում առաջացավ, որ ՓՊ-ն ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում գործող, ընդդիմադիր որոշակի օրակարգ սպասարկող կառույց է։ Եվ որքան էլ Պալատի նախագահը կամ Խորհրդի անդամները բարձրաձայնեն, թե «մենք չենք գործել որպես ՓՊ նախագահ կամ Խորհրդի անդամներ», սա համոզիչ չէ, որովհետև նրանք որևէ ձևով չեն կարող հանրությանը ցույց տալ, թե որտե՞ղ են նրանց՝ որպես ՓՊ նախագահի, լիազորությունները կանգ առնում և սկսվում քաղաքացիական պարտականությունները, կամ՝ քաղաքական կուսակցության։ Այս տարանջատումն ակնհայտ է, չէ՞, որ չկա։ Տարանջատումը կլինի միայն այն դեպքում, երբ տվյալ պաշտոնյան հրաժարական տա և դրա մասին հրապարակավ տեղեկացնի ու ասի, որ այսուհետ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ։ Չի կարելի և՛ հաճույք ստանալ, և՛ կույս մնալ։ Ես, այո, օրենսդրական փոփոխություն եմ նախաձեռնելու, որ սա օրենսդրորեն ամրագրվի։ Կլինեմ ՓՊ նախագահ, թե ոչ՝ այս օրակարգը ես առաջ եմ տանելու։

- Կարծիքներ կան, որ Արա Զոհրաբանը ՓՊ-ն օգտագործեց իր հետագա քաղաքական գործունեության համար ճանապարհ հարթելու նպատակով։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

- Ես փաստերը կներկայացնեմ, գնահատողական դատողություններ կփորձեմ չանել, բայց փաստերն ակնհայտ խոսում են, որ ՓՊ առնվազն 23, թե 24 աշխատող պարոն Զոհրաբյանի կուսակցության անդամներ են։ Ընդ որում, այնտեղ ներգրավված են նաև Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողներ, որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական ֆինանսավորումն է։ Սա փաստ է։ Հիմա, իհարկե, կարող ենք ասել, որ յուրաքանչյուր ոք ունի իր վարքագիծն ազատ դրսևորելու իրավունք, և չկա որևէ արգելք, որ Պալատում աշխատող անձը կարող է կուսակցական լինել, բայց նաև հավասարապես նույն գնահատողական կարծիքը կարող է լինել, որ Պալատի նախագահը, օգտագործելով այդ աշխատանքային հարաբերությունները, սպառնալիք է ստեղծել, որ եթե, օրինակ, ինչ-որ մեկը մերժի Պալատի նախագահի խնդրանքը՝ լինել իր կուսակցության անդամ, ապա կարող է մնալ առանց գործ՝ նման կարծիք էլ կարող է հնչել։ Հիմա ես ո՛չ մեկն եմ պնդում, ո՛չ մյուսը։ Սրանք փաստեր են, օդից բան չեն։ Չգիտեմ, չեմ կարող պնդում անել։ 

- Քանի որ Բաբայանը Արա Զոհրաբյանի թեկնածուն է, հաղթանակի ի՞նչ ակնկալիք ունեք՝ հաշվի առնելով փաստաբաններին տաբրեր կառույցներում ընդգրկելու՝ Զոհրաբանի վարած քաղաքականությունը։ 

- Բավականին բարդ է լինելու։ Երբ ես հայտարարությամբ հանդես եկա, որ առաջադրվում եմ, ասացի, որ այս մարդիկ 8 տարի այս օրվան են պատրաստվել։ Այսինքն՝ այնպես չէ, որ պարոն Զոհրաբյանը երեկ որոշեց, որ իր թեկնածուն պետք է լինի Սիմոն Բաբայանը։ Սա մեր համայնքի համար մտահոգիչ խնդիրներից մեկն է, երբ բոլոր նախագահները միշտ իրենց մտքում ունեցել են, թե իրենցից հետո ով է լինելու։ Լճացում բառն ամենամեղմն է, որ ես կարող եմ ասել։ Այստեղ մեր արյունը չի փոխվում։ Սա շատ մտահոգիչ է, և, այո, բավականին մեծ ջանքեր պետք է պահանջվեն, որպեսզի կարողանամ այս պատկերը փոխել։ Վերջին 16 տարիները ցույց են տվել, որ այդ սիստեմն է գործում։ Եվ այդ սիստեմի դեմ ես մենակ եմ լինելու, և, այո, բավականին բարդ է լինելու։ 

- Պնդումներ կան, որ Դուք իշխանության թեկնածուն եք։ Արդյոք իշխանությունը ձեզ որևէ կերպ աջակցո՞ւմ է։

- Ովքեր տեղյակ չեն մեր  փաստաբանական կառույցից՝ նման լուրեր են գեներացնում։ Ինչպե՞ս պետք է իշխանությունը կարողանա օժանդակել ինչ-որ մեկին։ Չկա այդ մեխանիզմը, որովհետև ընտրողները փաստաբաններն են։ Ազատ փաստաբանները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվում իշխանության հետ, և իշխանությունը որևէ ազդեցություն չունի, չի կարող ունենալ փաստաբանների վրա։  Սա՝ ընդհանուր։ Եվ երկրորդ՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ։ Որևէ փաստարկ, ապացույց, նույնիսկ զրուցարանի մակարդակի բամբասանք չկա, թե ես ինչ կապ ունեմ իշխանությունների հետ։ Որովհետև ես այնպես, ինչպես ներկայացնում եմ գործող իշխանություններից ոմանց շահերը դատարանում, այնպես էլ ներկայացնում եմ գործող ընդդիմության, նախկին իշխանության  շահերը քննչական մարմիններում և դատարաններում։ Եվ իմ հռետորաբանությունը եթե նայեք՝ կտեսնեք, թե ես ինչ քննադատական խոսք եմ ուղղել այսօրվա կառավարության հասցեին՝ դատաիրավական ոլորտին վերաբերող, և ակնհայտ կդառնա, որ ես իմ վստահորդների գովքը չեմ արել։ Դուք չեք գտնի որևէ մի հրապարակային ելույթ իմ կողմից, որտեղ ես գովքն եմ արել ինչ-որ մի քաղաքական ուժի։ Այնպես որ՝ հերյուրանքներ են։ 

Վովա Հակոբյան