Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում նոր իրավիճակ է. ՀՀ վարչապետն անցել է պրակտիկ գործողությունների․ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյան

Տարածաշրջանում նոր իրավիճակ է. ՀՀ վարչապետն անցել է պրակտիկ գործողությունների․ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյան
Հարցազրույց
11:48, 09 сентябрь 2021
Civic.am-ի զրուցակիցն է  «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Առնոլդ Ստեփանյանը։ 

- Պարոն Ստեփանյան, կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան։ Ինչպե՞ս եք գնահատում այցը, ի՞նչ սպասելիքներ կային։

- Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների բոլոր հանդիպումները հետաքրքիր են նրանով, որ հագեցած են։ Հիմա փոփոխությունների ժամանակաշրջան է, հետևաբար ցանկացած հանդիպում ունենում է ավելի մեծ ծանրաբեռնվածություն, քան մինչ այդ։ Աշխարհը փոխվում է, տարածաշրջանը փոխվում է, տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։ Հետևաբար Հայաստանն ու Վրաստանն ավելի սերտ պետք  է համագործակցեն, այնպես, ինչպես տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Իդեալական կլիներ, որ տարածաշրջանի բոլոր երկրները ընդհանուր լեզու գտնեին, բայց սա դեռ սկիզբն է։

Քաղաքական տեսանկյունից հանդիպումը կարևոր էր, որովհետև Հայաստանն ու Վրաստանը գտնվում են, այսպես ասած, տարբեր աշխարհաքաղաքական կողմերում և, չնայած դրան, պետք է համագործակցեն։ Ես կարծում եմ, որ նրանք այդ ռեսուրսը ճիշտ կօգտագործեն։ Տնտեսական տեսանկյունից շատ կարևոր քննարկումներ են գնում, նաև՝ տրանզիտ ճանապարհների բացման առումով։

Կարծում եմ, որ Հայաստանը կարևոր դեր կխաղա այս հարցում։ Հիմա այս առումով ավելի դետալային քննարկումներ են ընթանում։ Բացի դրանից, հայտնի է, որ Վրաստանը նույնկերպ բարեկամ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխանակվել են կիսադրական մեսիջներով, ապա ես  կարծում եմ, որ Վրաստանն այստեղ կարող է միջնորդի դեր ստանձնել, այնպես, ինչպես մեկ անգամ նպաստեց գերիների վերադարձի գործընթացին։ Հետևաբար ես կարծում եմ, որ Վրաստանն այս հարցում անելիք ունի նաև մնացած գերիների վերադարձի առումով։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը նույնպես կարող է Վրաստանի միջոցով Հայաստանին մեսիջներ փոխանցել։ Ոչ այնպիսի մեսիջներ, որոնք արվում են օֆիցիալ կերպով։

- Դուք կարծում եք, որ Թուրքիայից եկող դրական մեսիջները կարո՞ղ են ինչ-որ փուլից ավելի առարկայական դրսևորում ստանալ, թե՞ դրանք զուտ դիվանագիտական քայլեր են։ Հայաստանի և Վրաստանի ղեկավարները ևս խոսել են տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի մասին։ 

- Այո, կարելի է  սպասել, որ առարկայական գործողություններ կլինեն։ Ես վաղուց գիտեմ Հայաստանի վարչապետին և գիտեմ, որ նա ավելի շատ անում է ոչ անքան դիվանագիտական քայլեր, որքան գործնական։ Նա անցել է պրակտիկ գործողությունների։ Թուրքիան էլ, իր հերթին, բազմիցս խոսել է հաղորդակցության վերականգնման մասին։ Հասկանալի է, որ դա հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի, այլև մնացած երկրների համար։ Բոլորը դա շատ լավ հասկանում են։ Մնացել է լուծել մի քանի խնդիրներ, որը բոլոր երկրներին ձեռնտու կլինի, այդ թվում՝ Հայաստանին, քանի որ կոմունիկացիաները Հայաստանով են անցնելու։ Ես կարծում եմ, որ պետք է այդ հարցերը լուծել և սկսել ապրել այլ կերպ։

- Այսինքն՝ Դուք լավատես եք, որ առաջիկայում այս պայմանավորվածությունների կոնտեսքստում հնարավոր կլինի տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ ունենալ։

- Այո։ Ավելին, ես կարծում եմ, որ եթե աշխարհաքաղաքական խաղացողներից որևէ մեկը չխանգարի այս պրոցեսին, ապա բոլոր շանսերը կան, որ տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները ջերմանան։ 

- Դրա արդյունքում ի՞նչ կարող ենք ունենալ։ Ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն հատկապես տնտեսական առումով։


- Տնտեսական փոփոխությունները միանգամից նկատելի կլինեն, որովհետև այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ամենավատն է վերջին տարիներին։ Իրավիճակը վատացել է, քանի որ ամբողջական շրջափակման պայմաններում տնտեսական զարգացումն անհնար է։

Ես կարծում եմ, որ իրավիճակի փոփոխությունից հետո ֆինանսական հոսքերը միանգամից նկատելի կլինեն։ Դա հնարավորություն կտա Հայաստանին ընդլայնելու իր բիզնեսները հարևան երկրներում։ Ես կարծում եմ, որ դա անմիջականորեն դրական անդրադարձ կունենա Հայաստանի քաղաքացիների բարեկեցության վրա։