Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի լինելիության ապագան է որոշվում, բայց ընդդիմությունը առաջնորդվում է իր սիտուատիվ շահերով

Օրերս տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: 

Վարչապետը կարևորել է ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել: 

Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

Նա նշեց, որ նախ պետք է երկու հեռախոսազրույցներում կա տոնայնության հստակ տարբերություն։ Եթե վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում բավականին հստակ ուրվագծվում է որոշակի գաղափարական ընդհանրություն, գործընթացի հետ կապված մասնավորապես այն հանգամանքը շատ կարևոր է, որ երկուստեք շատ կարևորվում է, որպեսզի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մարդակենտրոն բնույթ կրի, այսինքն՝ հասցեագրի տեղի բնակչության կարիքները և հիմնական իրավունքները»,-ասաց իրավագետը։

Իսկ Ալիևի հետ կապված, իրավագետը կարծում է, որ ավելի շատ եղել է զգաստացնող բնույթի և հստակ է, որ Ալիևը փորձում է Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչումը, որպես սահմանագծման և սահմանազատման հիմք առավելապես ծառայեցնել իր շահերին։

«Ալմա-Աթայի հռչակագիրը ենթադրում է մի շարք տարածքների վերադարձ Հայաստանին, դա և՛ Տավուշում 31 գյուղերին հարակից հողամասերի մասին է, դա Սև լճի տարածքի դեօկուպացիայի մասին է, Ջերմուկից ադրբեջանական Զինված ուժերի հետ քաշման մասին է, ինչը Ալիևը բնականաբար փորձելու է հնարավորինս ձգձգել և ըստ կարելվույն նաև ընդհանրապես հրաժարվել իր պարտավորությունների կատարումից։ Եվ կարծես Բլինքենի հեռախոսազրույցի հիմնական ուղերձներից մեկը՝ Ալմա-Աթայի հռչակագրով հետագա գործընթացի շարունակման անհրաժեշտությունն է և որպես դրա չկատարման հետևանք՝ Ալիևին հիշեցվում է Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը»,-ասաց իրավագետը։
    
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե, իր տեղեկություններով, քաղաքացիները հանել են Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրված բաժանարար սյուներից մի քանիսը, այնուհետև ուժային կառույցներից ԶԼՄ-ներից մեկին փոխանցել էին, որ տեղեկությունները բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:

Այս առնչությամբ Արտաշես Խալաթյանն ասաց, որ հստակ է, որ կա տեղում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ։

«Մենք գիտենք, որ «Հայաստան»-ում իրավական և քաղաքական մշակույթը ցավոք սրտի, այն մակարդակի վրա չեն, որպեսզի քաղաքական պայքարը տարվի որոշակի չգրված կարմիր գծերի շրջանակներում։ Փաստորեն մենք ունենք մարտ առանց կանոնների սկզբունքով տարվող քաղաքական պայքար։ Իհարկե նման ապատեղեկատվության տարածումը, եթե անգամ կարճաժամկետ ինչ-որ էյֆորիա կարող է առաջացնել կամ ինչ-որ բացասական հույզեր կարող է առաջացնել բնակչության շրջանում, բայց հաստատապես երկարաժամկետ կտրվածքում, երբ ամենը ի ցույց է դրվում և ճշմարտությունը բացահայտվում է, դա միայն հարվածում է հենց այդ տեղեկատվությունը տարածող քաղաքական ուժերի իմիջին, բայց ցավոք սրտի, նրանք առաջնորդվում են կարճաժամկետ մարտավարական հեռանկարով և ընդհանրապես չեն գիտակցում խնդրի ընդհանուր առմամբ պետության համար խիստ կարևորությունը»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Նա նշեց, որ որոշվում է Հայաստանի տարածքային ամբողջականության և անկախ պետության լինելիության ապագան, իսկ այդտեղ մենք բոլորս մի նավում ենք նստած, և թիմ-թիմ խաղալու մարտավարությունը որևէ կերպ չի նպաստում իրավիճակի հայանպաստ լուծմանը, բայց ցավոք սրտի ընդդիմությունը, ինչպես միշտ առաջնորդվում է միմիայն իր սիտուատիվ շահերով։

Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան