Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆիզկուլտ» ինստիտուտը 168 միլիոն դրամ է վերադարձրել պետբյուջե՝ նախկին ռեկտորի գործունեության արդյունքում գոյացած տուգանքներից․ Տեսանյութ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համար 2021 թվականը ֆինանսական առումով դժվար տարի է, քանի որ 2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ 2015-ից 2019 թվականներին ինստիտուտի հիմնադրամի կողմից եկամուտների մասով պատշաճ մուտքագրումներ չէին արվել, և հիմնադրամը փոխհատուցել է մոտ 168 միլիոն դրամի վնասը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ 

Նշենք, որ վերջինս ռեկտոր է ընտրվել այս տարվա հունվարին։ Իսկ 2015-2019 թվականներին ինստիտուտի ռեկտորը Վահրամ Առաքելյանն է եղել։ 

Դավիթ Խիթարյանը նշեց, որ գումարների մեծ մասը, որոնք իրենք նախատեսում էին ուղղել բուհի նյութատեխնիկական բազան հագեցնելուն, գիտական և ուսանողական խնդիրների լուծմանը, որպես տույժ և տուգանք վերադարձրել են պետական բյուջե։

 «Դա բավականին մեծ գումար էր, դրա համար ակնառու որևիցե առաջխաղացում չկարողացանք այդ առումով անել, որովհետև ցանկացած դրական փոփոխություն նաև ենթադրում է ֆինանսական ռեսուրսների ներդրում։ Բայց միևնույն ժամանակ այն, ինչը չէր պահանջում ֆինանսական ներդրումներ, մենք կարողացանք փայլուն ձևով իրականացնել։ Մասնավորապես, մեր կապը գործատուների հետ։ Որովհետև եթե մեր շրջանավարտները աշխատաշուկայում չեն կարողանում ճիշտ դրսևորվել, դա միանգամից հետադարձ կապով ազդում է մեր ինստիտուտի դիմորդների քանակի վրա։ Եվ մենք կարողացանք մեր գործատուների հետ, տարբեր ֆեդերացիաների, հասարակական կազմակերպությունների, առողջապահական կլինիկաների, մեդիա հոլդինգների հետ, որովհետև նաև մարզական լրագրողներ ենք  պատրաստում, ճիշտ աշխատանքի շնորհիվ ստանալ այն պատկերը, որն իրենք կուզենային տեսնել»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Նա նշեց, որ կրթական ծրագրերում փոփոխությունների արդյունքում դիմորդների քանակն իրենց գոհացնում է, եղել են նաև մասնագիտություններ, որտեղ նույնիսկ մրցակցություն կար։  

Խոսելով սահմանամերձ մարզերում ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր հաստիքների մասին՝ Դավիթ Խիթարյանն ասաց, որ իր պաշտոնավարման հենց առաջին ամիսներից այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվել ԿԳՄՍ նախարարության հետ։

Ռեկտորը նշեց, որ ակտիվ կապ են պահում նաև անվանի մարզիկների հետ, որոնք իրենց բուհի շրջանավարտն են եղել, և նրանց հաճախակի են հրավիրում բուհ՝ ուսանողների հետ հանդիպման։ 
  
Խոսելով նաև բուհի ուսանողների՝ ռազմական վարժանքներին մասնակցելու մասին՝ Դավիթ Խիթարյանն ասաց. «Եթե ուսանողները ներկայացնում են համապատասխան ծանուցում, նրանց բացակայությունը համարվում է հարգելի, և եթե տվյալ ժամանակ նրանք ունեն  միջանկյալ քննություններ կամ քննություններ, դրանք բոլորը հարգելի են, իսկ վերադառնալուց հետո իրենք ձեռնամուխ կլինեն, որպեսզի կարողանանք անհատական պարապմունքների միջոցով նրանց հասցնել այն մակարդակի, որ նրանց գնահատականները  չազդեն հետագա ուսումնառության ընթացքի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան