Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեղեցին իր գործողություններով պայքարում է պետության գոյության դեմ. Խանդանյան

Վարչապետի երեկվա հայտարարությունը՝ այս տարի ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, նորություն չէր։ Սա ուղղակիորեն կապվում է նախորդ տարի վարչապետի հնչեցրած այն մտքի հետ, որ մենք պատրաստ ենք մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Եվ այո՛, մենք շարունակում ենք ունենալ եվրոպական ձգտումներ, և որքան արագ լինի այդ ձգտումների իրագործումը, այնքան, բնականաբար, ավելի լավ կլինի մեր երկրի, մեր տնտեսության, մեր ժողովրդավարության և մեր անվտանգության համար։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Այս հայտարարության մեջ որևէ աշխարհացունց բան, ըստ Խանդանյանի, չկա։ 

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինի հայտարարությանն անդրադառնալով, որում վերջինս նշել էր, թե ԵՄ դիտորդական առաքելությունը կատարում է հակաադրբեջանական և հակաիրանական գործունեություն, պատգամավորն արձագանքեց. «Կարծես Ռուսաստանի արտգործնախարարության որոշ պաշտոնյաների մոտ շարունակական ավանդույթ է դարձել՝ հանդես գալ Ադրբեջանի շահերի պաշտպանության դիրքերից։ Կարծես խոսեն Ադրբեջանի անունից։  Արդեն հոգնել կարելի է՝ եվրոպական դիտորդական առաքելության դերի և գործառույթների մասին խոսել։ Սա քաղաքացիական առաքելություն է, որևէ կերպ ուղղված չէ որևէ երկրի դեմ, սա Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևոր գործոն է, նաև լավ գործիք է ԵՄ-ի համար՝ առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու համար, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց Խանդանյանն ու նկատեց, որ առաքելության տեղակայումից հետո լարվածությունն էականորեն նվազել է սահմանին։ Բացի դրանից, ըստ պատգամավորի, Իրանը բավական նորմալ է արձագանքել, նրան ներկայացվել է առաքելության իմաստը։ 

ԱԳՆ նախկին դիվանագետների հայտարարությանն անդրադառնալով, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, Խանդանյանն ասաց, որ իրենք ունեին լայն հնարավորություն՝ զբաղվելու ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության մշակմամբ և իրականացմամբ, սակայն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենածանր պահին, երբ շատ կարևոր էր հետպատերազմյան շրջանում էլ ավելի ակտիվացնել արտաքին քաղաքականությունն ու լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, ոչինչ չարեցին, թողեցին գնացին, դասալքեցին արտաքին քաղաքականության մարտադաշտից։ 

Եկեղեցին, խոսելով ազգային իղձերի մասին, չճանաչելով պետության սահմանները, մատնանշելով անցյալն ու նշելով, որ նախկինում ավելի լայն տարածքների վրա էր հայապահպանությամբ զբաղվում, ըստ Խանդանյանի,  պայքարում է պետության գոյության դեմ։
Խանդանյանը հիշեցրեց, որ Եկեղեցին նախորդ տարիներին ևս միացել էր ընդդիմադիր պայքարին։ «Հրապարակայնորեն այս տարի միացավ,  բայց առնվազն 2020 թվականի պատերազմից հետո սկսված գործընթացի մաս եմ դիտարկում, և այս շարժումները, ակնհայտորեն, միտված են սպասարկելու այն ուժերի շահերը, որոնք հետաքրքրված չեն Հայաստանի պետականությամբ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Եկեղեցին, ցավոք սրտի, օգտագործվում է նաև այս պրոցեսում, և դրա համար պատասխանատու են Կաթողիկոսը, եպիսկոպոսական դասը...»։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան