Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնկրետ այս թեկնածուին մենք ընտրել չենք պատրաստվում և ունենք դրա սահմանադրական իրավունքը․ Ալեքսանյան․ Տեսանյութ

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովում այսօր, հերթական չորրորդ անգամ, Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ղազինյանը չմասնակցեց հարցուպատասխանին՝ լքելով դահլիճը։

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ հարցեր ուներ՝ ուղղված Ղազինյանին։ 

Civic.am-ը հետաքրքրվեց Ալեքսանյանից, թե ի՞նչ հարցերի մասին էր խոսքը, քանի որ նախորդ երեք քվեարկությունների ընթացքում բազմաթիվ հարցեր տրվել են Արթուր Ղազինյանին։ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ հարցերը շատ էին, բայց դրանց մեջ առաջնային էր  ՄԻԵԴ-ի երեկ կայացրած վճիռը, որը հստակորեն, ըստ Ալեքսանյանի, վերաբերում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի մեկի» գործով։ 

«Արթուր Ղազինյանը շատ հետաքրքիր մանրամասներ կարող էր մեզ ներկայացնել որպես իրավաբան։ Էլ չենք խոսում մի շարք այլ հանգամանքների մասին, ինչպիսիք են, օրինակ, «Հայաստան» դաշինքի կողմից, էսպես հորջորջված, պարգևավճարներից հրաժարումը և այլն։ Այնինչ նրանք փաստացի չեն հրաժարվել՝ ինչպես բոլորս տեսանք, և այդպես շարունակ։ Մի շարք հարցեր կային պարոն Ղազինյանին, որոնք, փաստացի, մնացին անպատասխան, կարծում եմ՝ նրա վախի պատճառով»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։