Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են պետք, որ վերացնի իրավունքի մասսայական խախտումները. Լիպարիտ Դրմեյան

Նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են պետք, որ վերացնի իրավունքի մասսայական խախտումները. Լիպարիտ Դրմեյան
Հարցազրույց
18:51, 27 сентябрь 2021
Civic.am-ի զրուցակիցն է Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

- Պարոն Դրմեյան, այսօր Քննչական կոմիտեն հրապարակեց, որ 44-օրյա պատերազմից հետո 108 գերի է վերադարձվել Հայաստան։ Քանի՞ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ ենթադրյալ գերեվարված անձանց վերաբերյալ, և արդյոք այդ 108 անձը ներառվա՞ծ են այդ դիմումներում։  

- Պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր գերեվարված, առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ առկա են Եվրոպական դատարան ուղարկված դիմումներ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Դրանից հետո այն անձինք, ովքեր վերադարձել են, և իրենց վերաբերյալ եղել են միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ, այդ որոշումները դատարանը վերացրել է, որովհետև անհրաժեշտությունն արդեն վերացել է իրավունքի խախտումներից զերծ մնալուն պարտավորեցնելուն, բայց այդ անձանց վերաբերյալ գործերը շարունակվում են քննվել Եվրոպական դատարանում, որովհետև գերության մեջ եղած կամ ձերբակալված ժամանակահատվածում նրանց իրավունքները շարունակաբար խախտվել են։  
Միջանկյալ միջոցները ժամանակավոր միջոցներ են եղել, և այն պահից սկսած, երբ անձը հայրենադարձվում է, այլևս այդ միջոցների անհրաժեշտությունը վերանում է։ Այլ հարց է, որ այնտեղ գտնված ժամանակահատվածի մասով դատարանում գործը շարունակվում է քննվել, որպեսզի նրանց իրավունքների խախտումներին տրվի վերջնական գնահատական, երբ Եվրոպական դատարանը վճիռ կայացնի Ադրբեջանի դեմ։

- Ձեր գրասենյակից մեզ ասել էին, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանը Ադրբեջանի կողմից 280 ենթադրյալ գերեվարված անձի վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ, և գործընթացը շարունակվում է։ Ներկա դրությամբ քանի՞ դիմում կա ՄԻԵԴ-ում քննվող ենթադրյալ գերեվարված անձանց վերաբերյալ։

- Մենք ունենք միջպետական գանգատ, որի շրջանակում ներկայացված են ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտման վերաբերյալ բոլոր փաստարկները, այսինքն՝ անկախ քանակից, դա մեկ գործի շրջանակում է քննվելու։ Դրանից զատ, կան նաև անհատ փաստաբանների կողմից ներկայացված գանգատներ՝ իրենց վստահորդների անունից։ Իսկ ՀՀ կառավարության կողմից ներկայացված դիմումները քննվում են մեկ գործի շրջանակում՝ դա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատն է, որն այս պահին գտնվում է Եվրոպական դատարանում։ 
Ես այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև շարունակվում է նույնականացման գործընթացը, բայց 100-ից ավելի դեպքեր ունենք, երբ անձինք նույնականացվել են տեսանյութերի միջոցով, բայց, ցավոք սրտի, դրանց վերաբերյալ մենք չունենք ադրբեջանական կողմի հաստատումը։ Բոլոր այդ անձանց վերաբերյալ դատարան ներկայացվել են և դիմումներ, և, դիմումներից զատ, նաև հավելյալ ինֆորմացիա՝ ընդհուպ նաև այն ինֆորմացիան, որը տրամադրում են վերադարձած անձինք։ 
Մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմանից անհետ կորած անձանց վերաբերյալ ևս ներկայացվել են  միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումներ։ 

- Ըստ Ձեր գրասենյակի տեղեկատվության՝ Ադրբեջանը մարտի 10-ի դրությամբ հաստատել է ընդամենը 72 անձի գերեվարված լինելու փաստը։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը քանի՞ անձ է հաստատել, որոնք գերեվարված են։

- Վերջին տվյալով՝ ևս 45 անձ, որոնց վերաբերյալ իրենց տեղական մամուլում լույս էին տեսնում հոդվածներ, որ դատավարություն է ընթանում։ Այսինքն՝ այդ անձանց ենթարկում են քրեական հետապնդման, որը կոնվենցիայի հերթական խախտում է՝ այդ դատավարությունների կազմակերպումն ու անցկացումը։      
Ադրբեջանից հայրենադարձվածներից մոտ հարյուրը եղել են պատերազմի ժամանակ ու դրանից հետո գերեվարվածները։ Վերադարձածների մեջ շատ փոքր տոկոս են կազմում քաղաքացիական անձինք և այն անձինք, որոնք նախքան պատերազմն էին գերեվարվել։ 

- Ադրբեջանում շուրջ 14 հայ ռազմագերի դատապարտվեցին անազատության։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

- Այն, որ ներկայացվել են միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներ, և այդ դիմումները բավարարվել են՝ դա հենց նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլ էր։ Ադրբեջանն այդ որոշումների ուժով պետք է ձեռնպահ մնար որևէ հակաիրավական կամ կոնվենցիային հակասող քայլ անելուց։ Բայց, ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակեց իրավունքները խախտող իր գործողությունների շարքը և քրեական հետապնդումներ սկսեց բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր իր տիրապետության տակ էին գտնվում, և դատավարությունները հենց այդ խախտումների շարքից են։ Դատավարությունների վերաբերյալ կունենանք Եվրոպական դատարանի առանձին դիրքորոշումը՝ վճռի տեսքով։ 

- Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումները հայ գերիների վերաբերյալ, նաև փոխհատուցում չի տրամադրում։ 

- Ադրբեջանը երբ խուսանավում է չկատարել Եվրոպական դատարանի վճիռը՝ դա փոխանցվում է Եվրոպայի խորհրդի  Եվրոպական դատարանի վճիռների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնին՝ Նախարարների կոմիտեին։ Եվ Նախարարների կոմիտեի քննարկումների ու նիստերի արդյունքում որոշում է կայացվում, թե կոնկրետ երկրի նկատմամբ ինչպիսի միջոցներ պետք է գործադրվեն, և դրանք շատ տարբեր կարող են լինել՝ ընդհուպ մինչև ԵԽ-ին անդամակցության դադարեցում կամ վեհաժողովի ընթացքում քվեարկություններին մասնակցելու իրավունքից զրկում։ 

- Նախարարների կոմիտեի կողմից որևէ որոշում կա՞ կայացված Ադրբեջանի վերաբերյալ։    

- Այո, կա, Ադրբեջանը միակ երկիրն է, որը չի կատարել Եվրոպական դատարանի դատական ակտը՝ Ադրբեջանի քաղաքական գործիչներից մեկի մասին է խոսքը՝ Մամադովն ընդդեմ Ադրբեջանի գործն է։ 
Այդ հարցով Նախարարների կոմիտեն դիմել է Եվրոպական դատարանին գնահատական տալու։ Եվ դա պատմության մեջ առաջին անգամ էր, որ անդամ պետություններից մեկն այնքան երկար չի կատարում դատական ակտը, որ Նախարարների կոմիտեն ստիպված հարցն ուղարկում է քննության Եվրոպական դատարան։ Եվ այս գործով Եվրոպական դատարանը տվեց իր եզրահանգումը, որ Ադրբեջանը փաստացի խախտում է իր միջազգային պարտավորությունները, այսինքն՝ ոչ միայն անձի իրավունքն է խախտում, այլ նաև խախտում է պետության պարտավորությունը կատարելու Եվրոպական դատարանի վճիռը։ Եվ դրանից անմիջապես հետո, տևական ճնշումներից հետո հետևեց այդ անձի ազատ արձակումը, այսինքն՝ փաստացի, այդուհանդերձ, կատարեց վճիռը։ 
Ես կարծում եմ, որ նման մեխանիզմ միգուցե նաև պետք լինի գործադրել Նախարարների կոմիտեի կողմից, որպեսզի Ադրբեջանը գնա նաև Ղարաբաղյան հակամարտությունից հետո առաջացած իրավունքի մասսայական խախտումները վերացնելու ճանապարհով։    

Հշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝  Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

Նարա Մարտիրոսյան