Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամոթալի է, որ քո երկրի պաշտպանության նախարարը անցնում է նման քրեական գործով. Ազատամարտիկ

Ամոթալի է, որ քո երկրի պաշտպանության նախարարը անցնում է նման քրեական գործով. Ազատամարտիկ
Հարցազրույց
18:15, 30 сентябрь 2021
«Դավիթ Տոնոյանի մեղադրանքը ուշացած քայլ է։ Դա այն է, ինչի մասին մենք խոսում էինք, բարձրաձայնում էինք երեք տարի շարունակ, բայց մեզ ասում էին՝ քննել ենք, պարզել ենք, նորմալ է։ Բայց պարզվեց՝ մենք ճիշտ էինք, իրենք՝ սխալ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից քննվող աղմկահարույց վերջին գործին։

ՀՀ ԱԱԾ-ն այսօր տեղեկացրեց, որ ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։ Վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:  

Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ գործը հանգամանալից քննելու դեպքում այդ գումարը կարող է մի քանի անգամ մեծանալ. «Իմ համոզմամբ՝ այդ գումարը ավելին է։  Մեր բանակի համարյա ամեն մի գեներալ 4 միլիոն դոլարանոց  տուն ունի։ Հիմա մեկին 4 միլիոն դոլարի մեղադրանք են առաջադրել։ 27 տարի շարունակ բանակը թալանվել է, բանակը քերել ու իրենց տներն են տարել։ Ինչի մասին է խոսքը։ Թող խորանան, բացահայտեն այդ թալանը, գտնեն մեղավորներին, պատժեն նրանց, թալանածը վերադարձնեն»,- ասաց Սիրունյանը։

Մեր դիտարկմանը՝ հույս կա՞, որ այս քրեական գործի շրջանակներում այդ ամենը հնարավոր կլինի բացահայտել, Սիրունյանը պատասխանեց. «Եթե այսօրվա կառավարությունը ցանկանում է, որ այս պետությունը վերջը դառնա պետություն, ապա մտածելու ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է գործի, սպասելու ժամանակ և տեղ այլևս չկա։ Այս քրեական գործը կարող էր ավելի շուտ հարուցվել, երեք տարի առաջ ու նորմալ քննվելու դեպքում մենք հիմա արդեն դատարանում գործ կունենայինք կամ կայացած դատական ակտ։ Կրկնում եմ՝ սպասելու ժամանակ այլևս չկա։ Գործ պետք է արվի»,- եզրափակեց Սիրունյանը։

Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանի խոսքով՝ ցավալի և ամոթալի է, որ պատերազմի ժամանակ Պնախարար եղած անձը, այլ բարձրաստիճան սպաներ անցնում են նման քրեական գործերով, որոնք վերաբերում են բանակը թալանելուն։ «Դեռ շատ մարդիկ կձերբակալվեն։ Չի կարող հենց այնպես անցնել փչացած, անսարք զենքը մատակարարելը, դա ընդունելը, բանակին տալը։ Պետք է պարզվի, թե ինչպես է դա հնարավոր եղել։ Ու այս քրեական գործով միայն Դավիթ Տոնոյանը չպետք է անցնի։ Էլի Պնախարարներ կան։

Թող գործը քննվի, ու կհասկանանք, թե ինչի համար մենք  տանուլ տվեցինք պատերազմը։ Կհասկանանք, թե ինչու այդպես եղավ։ Կրկնում եմ՝ սա շատ ցավալի ու ամոթալի է։ Ամոթալի է, որ քո երկրի պաշտպանության նախարարը անցնում է նման քրեական գործով։ Ամբողջ աշխարհն է հիմա սա տեսնում։ Բայց հենց իրենք են երկիրը թալանել, ու մենք դրա պատճառով չկարողացանք պատերազմ հաղթել։ Մենք գիտեինք՝ զենք-զինամթերք ունենք, բայց պարզվեց՝ ոչ մի բան էլ չունենք»,- ասաց Առաքելյանը։ 

Ազատամարտիկը հույս ունի, որ քրեական գործը օբյեկտիվ կքննվի, և հանրությունը իրականում կիմանա՝ ով ով է ու ինչ է արել։ «Նայում ես գեներալների դղյակներին, ու ամեն ինչ պարզ է դառնում։ Այդ բոլորը նրանց ձեռքից պետք է վերցնել։ Սա ամոթալի պատկեր է»,- եզրափակեց Վլադիմիր Առաքելյանը։