Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերին մահվան թվերը դեռևս կաճեն. Պատվաստումը միակ միջոցն է՝ կանխելու վարակի ծանր ձևը և մահը․ համաճարակաբան

Առաջիկա օրերին մահվան թվերը դեռևս կաճեն. Պատվաստումը միակ միջոցն է՝ կանխելու վարակի ծանր ձևը և մահը․ համաճարակաբան
Հարցազրույց
15:26, 07 октябрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ դժգոհեց Հայաստանում պատվաստումների թվից։ «Շատ վատ է պատվաստման թվերը, և ոչ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որ պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Ոչ ոք չի կարող մեզ խանգարել, գնացեք խնդիրները լուծեք»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ վարչապետի վրդովմունքին նախորդել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դիտարկումը, թե կան որոշ անձինք, որոնք չարամտորեն խաթարում են ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր է ներշնչում պատվաստման նկատմամբ։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը արդարացի է համարում կառավարության ղեկավարի վրդովմունքը, քանի որ պատվաստումների թիվն իրոք ցածր է համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: «Սա մտահոգիչ է այն առումով, որ մեր հիվանդացությունը գնալով բարձրանում է, և դրան զուգահեռ աճում են մահվան դեպքերը։ Պետք է խոսել, բարձրաձայնել սրա մասին, քանի որ հակատեղեկատվությունը այնքան շատ է, որ երբեմն անհրաժեշտ է ուղղորդել մարդկանց։ Պետք է միջոցներ ձեռնարկել, քանի որ  մարդկանց տարակուսանքը բերում է միայն հիվանդացության և մահացության աճի»,- ասաց համաճարակաբանը։

Ինչ վերաբերում է հակապատվաստումային արշավներին, դրանց դեմ պայքարին, ապա բժշկի խոսքով՝ նման արշավներ ամբողջ աշխարհում կան և բավականին վաղուց։ «Հակապատվաստումային արշավի այսօրվա լիդերները նախկինում տանում էին հակադիմակային քարոզ, սկզբում խոսում էին վիրուսի բացակայության մասին, մինչ այդ խոսում էին այլ պատվաստանյութերի ցածր արդյունավետության մասին։ Բայց մեր հիմքը ապացուցողական բժշկությունն է, իսկ ապացուցողական բժշկությունը վկայում է, որ պատվաստումը միակ միջոցն է այսօր՝ կանխելու վարակի ծանր ձևը և մահը։ Իսրայելում 60 տարեկանից ցածր պատվաստվածների շրջանում ընդհանրապես մահվան դեպքեր չկան։ Պատվաստվածների շրջանում հիվանդացողներ լինում են, բայց մահվան դեպքեր չեն գրանցվում։ Իսկ 60-ից  բարձր տարիքային խմբում մահվան դեպքերը պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսով, այլև առկա ուղեկցող հիվանդություններով։ Այնպես որ, պատվաստանյութի արդյունավետությունը խնդրո առարկա չէ։ Հայաստանում մենք հիմա դա ենք քննարկում, բայց աշխարհում արդեն իսկ ապացուցված է դա»,- ասաց Տեր-Ստեփանյանը։ 

Համաճարակաբանը որպես օրինակ բերում է Պորտուգալիան, որը շատ խիստ պայքարել է հակապատվաստումային արշավների դեմ և հիմա Եվրոպայում ունի ամենաբարձր պատվաստումային ընդգրկվածությունը և կարող է  վստահ ասել, որ ունի հաջողություն Covid-ի դեմ պայքարում։  

Նշենք, որ միայն այսօր գրանցվել է կորոնավիորուսից մահվան 30 դեպք։ Համաճարակաբանի  կանխատեսմամբ՝ առաջիկայում մենք դեռևս վարակվածության և մահացության թվի աճ ենք ունենալու, քանի որ մեր վերարտադրողականության ցուցանիշը բարձր է, և առաջիկա օրերին աճը կշարունակվի։ «Ծանր ձևերը ևս աճում են՝ դիմելիության ուշ լինելու, ինչպես նաև արդեն սպառված բուժական ռեսուրսի պատճառով։ Մեր բժիշկները արդեն երկու տարի աշխատում են սահմանագծին։ Հետևաբար այսօր շատ դժվար է կառավարել այս իրավիճակը»,- ասաց բժիշկը։

Համաճարակաբանը նաև նկատեց, որ «Դելտա» շտամը ևս բարդացնում է վիճակը։ Այն ավելի ագրեսիվ է ընթանում, ավելի արագ է տանում դեպի թոքաբորբի զարգացում, ավելի ինտենսիվ է տարածվում։ «Դելտա» շտամով հիվանդը ավելի շատ թվով մարդկանց է վարակում՝ մեկ վարակակիրը մինչև 8 մարդ կարող  է վարակել։ «Այնպես որ, այս շտամը ևս արագ է տարածվում, ավելի ագրեսիվ տեսակ է։ Այսօր արդեն խոսում են շտամի փոփոխության մասին, նոր շտամներ են ի հայտ գալիս, որոնք ևս դառնում են խնդրահարույց։ Հետևաբար առկա իրավիճակը չվատթարացնելու միակ ճանապարհը պատվաստվելն է, որը, ինչպես արդեն նշեցի, կանխում է հիվանդության ծանր ձևը և մահը»,- եզրափակեց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։