Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը վաղ թե ուշ ճանաչվելու է, պետք է մտածենք խաղաղ համակեցության մասին ու երկխոսություն սկսենք Ադրբեջանի հետ. 1in.am

Արցախը վաղ թե ուշ ճանաչվելու է, պետք է մտածենք խաղաղ համակեցության մասին ու երկխոսություն սկսենք Ադրբեջանի հետ. 1in.am
Հարցազրույց
11:00, 08 октябрь 2021
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

–Պարոն Օհանջանյան, «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարեց, որ դեռ պետք է պարզել թե արևմուտքն ինչ պատճառներով է վերադառնում տարածաշրջան, արդյոք կարող է ղարաբաղն օգտագործել Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար՝ այսինքն ներմուծեն նաև սառը  պատերազմի մտայնությունը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, հատկապես երբ ինքներսդ մշտապես բարձրաձայնել եք Արևմուտքի մասնակցության անհրաժեշտությունը։

-Նախևառաջ պետք է նշեմ, որ Արևմուտքի մտադրությունը հիմնված է այն բանի վրա, որ Ռուսաստանը անտեսեց միջազգային իրավունքները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտը, և  օկուպացրեց Լեռնային Ղարաբաղը՝ խաղաղարար գործողության քողի ներքո `համաձայն երեք առաջնորդների 2020  թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Բայց այն, բացի թղթի կտորից իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ հակամարտության կարգավորման հարցում իր գործողությունները հակասել են և շարունակում են հակասել  միջազգային իրավունքին, և որևէ միջազգային կառույց նրան իրավունք չի վերապահում իր զորքերը մտցնել Լեռնային Ղարաբաղ: Հետևաբար, այս համատեքստում Արևմուտքի գործողությունները բացարձակապես տեղավորվում են իրենց ներկայիս ակտիվացման տրամաբանության մեջ `Ղարաբաղի  կարգավիճակի պարտադիր որոշմամբ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում: Հայկական կողմին, հատկապես ղարաբաղցիներին, մտահոգում է, թե որքան անկեղծ է Արևմուտքը բանակցությունների գործընթացը վերսկսելու և ԼՂՀ կարգավիճակի հարցի  հստակեցման մտադրությունների հարցում։

Վերջերս ավելի ու ավելի հաճախ մենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների շուրթերից լսում  ենք հակամարտության գոտի միջազգային ուժեր ուղարկելու մտադրության մասին: Իհարկե, այս վարքագիծը հրահրվում է նաև նրանով, որ օկուպացրած լինելով ԼՂՀ-ն, Ռուսաստանն իրականում չի ձգտում արագացնել վերջնական կարգավորման գործընթացը և անում է հնարավորը ժամանակը հնարավորինս ձգձգելու համար: Բայց Ռուսաստանը, մյուս կողմից, չի կարող խոչընդոտել Արևմուտքի մտադրություններին, քանի որ նրա ներկայությունը ԼՂՀ -ում և Հայաստանում անօրինական է, կրկնում եմ, թղթի կտոր ՝ «հայտարարություն» անունով, փաստաթուղթ, որը ոչ մի նշանակություն չունի միջազգային իրավունքի համար: Մեր հակամարտության գոտում տարածաշրջանային խնդիրների կտրուկ սրումը, անշուշտ, ստիպում է Արևմուտքին ներկա լինել այստեղ, ինչպես նաև զսպելու Ռուսաստանի առավելապաշտական նկրտումները, որոնք նաև կապված են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման հետ։

Իհարկե, խաղաղարար միջազգային ուժի վերաբերյալ Արևմուտքի մտադրությունը բխում է նաև Ռուսաստանի հետ ազդեցության գոտու համար մրցելու և տարածաշրջանի երկրներին նման ազդեցությունից պաշտպանելու քաղաքականությունից: Այս համատեքստում դրանք սառը պատերազմի դրսևորման նշաններ են: Մեզնից  հասնում է այժմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ճիշտ հավասարակշռություն հաստատել: Մեզ համար ակնհայտ է, որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը դավաճանել են մեզ, դավաճանել են իրենց իսկ հռչակած արժեքներին: Բայց գործնական տեսանկյունից, օգտակարության առումով, ես ողջունում եմ ապագայում միջազգային խաղաղապահ ուժեր ներգրավելու մտադրությունը: Անհրաժեշտ է նոսրացնել ռուսական անվերահսկելի և չարտոնված ներկայությունն այստեղ:

-Ֆրանսահայ քաղաքագետ Ռոբերտ Այդաբիրյանը ևս անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է անմիջականորեն խոսեն Ադրբեջանի հետ։ Այս փուլում դա ինչքանո՞վ է հնարավոր։

-Կարծում եմ, որ սկզբնական փուլում բանակցություններ կանցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց ապագայում Արցախը նույնպես պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Արցախը պետք է որոշի իր ապագան, այլ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը: Նորից եմ կրկնում։ Անկախ նրանից՝ կցանկանա՞ Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Թուրքիան, Լեռնային Ղարաբաղը կդառնա միջազգային իրավունքի սուբյեկտ`որպես միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն: Եվ քանի որ այդ ժամանակ մենք պետք է մտածենք տարածաշրջանային համագործակցության և խաղաղ համակեցության մասին, այժմ անհրաժեշտ է սկսել երկխոսություն վարելը։ Ընդ որում՝ երկխոսություն վարելը չի ​​նշանակում դավաճանություն ազգային շահերին ։