Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեռքով մակագրված դատական գործերի անարդար բաշխման մասին ընդդիմության մեղադրանքները քաղաքական են, որևէ ապացույց չկա․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան. Տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

- Պարոն Բեքմեզյան, որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովում բավական թեժ քննարկում ծավալվեց  Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման հարցով, երբ խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։ Կարծիք կար, որ 4 անդամի համաձայնությունն էլ բավարար կարող է լինել որոշում կայացնելու համար։ Ձեր կարծիքով՝ ԲԴԽ քանի՞ անդամի կողմ ձայն է անհրաժեշտ, որպեսզի կասկածի տակ չդրվի որոշումների անաչառությունը։ 
   

- Նախկին օրենքի համաձայն՝ ԲԴԽ անդամներից 10-ից 6 հոգի եթե քվեարկում էին կողմ, որոշումը համարվում էր ընդունված։ Որոշ դեպքերում՝ կապված դատավորների լիազորությունների դադարեցման կամ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու հետ, նախատեսված էր ընդհանուր թվի 2/3-ով, այսինքն՝ 7 հոգու համաձայնությամբ։ Հիմա, երբ օրենքը փոխվեց, հաշվարկը լինելու է ոչ թե ԲԴԽ անդամների ընդհանուր թվից, այլ մասնակիցների թվից, այսինքն՝ որքան անդամ մասնակցում է, դրանց մեծամասնությամբ է ընդունվում որոշումը, բայց ոչ պակաս, քան 5 հոգին։ Այսինքն՝ եթե ԲԴԽ 10 անդամներն էլ մասնակցեն, որոշումը կընդունվի 6 անդամների ձայներով, իսկ 10 անդամից պակաս մասնակցության դեպքում՝ 5 անդամների ձայնով։ ԱԺ-ն նվազեցրեց որոշումների կայացման համար նախատեսված բարձր շեմը։ Սրա առավելությունը, իմ կարծիքով, այն է, որ ԲԴԽ-ն հնարավորություն ստացավ ավելի օպերատիվորեն գործելու, որովհետև շատ հաճախ մենք ունենում էինք քվորումի պակաս և հետաձգել ենք դատական նիստը՝ քվորումը ապահովելու համար։    

- Ինչպե՞ս եք գնահատում դատական բարեփոխումների ընթացքը, արդյոք այն չի՞ դանդաղում, և, ի վերջո, Ձեր կարծիքով, մենք ե՞րբ կունենանք վերջնական ձևավորված դատական համակարգ, որը հասարակության վստահությունը կվայելի։  

- Չեմ կարծում, որ շատ շուտ կլինի այն, ինչ որ մենք ուզում ենք, և՛ կորոնավիրուսը, և՛ պատերազմը շատ հարցերում մեզ խանգարեցին և հետ գցեցին այն ծրագրերից, որ մենք ուզում էինք անել։ 2019թ.-ից խոսակցություն է գնում դատական համակարգը բարեփոխելու մասին, բայց անընդհատ նորանոր գաղափարներ են առաջ քաշում՝ կոշտ վեթինգ, թեթև վեթինգ, կարգապահական պատասխանատվությունների միջոցով դատավորների զտում, սահմանադրական փոփոխությունների միջոցով զտում։  Մինչև այս ամենին հասնելը՝ մենք պետք է ունենանք դատավորների թեկնածուների ռեզերվ, որոնք կհամալրեն լիազորությունները դադարեցված դատավորների բաց տեղերը։ Միանգամից դատավորներին փոխելով՝ մենք վնասում ենք նաև քաղաքացիների շահերին, որովհետև դատավորների վարույթներում կան գործեր, որոնք քննվել են ամիսներով, տարիներով և հասել են որոշակի փուլի, որ պետք է ավարտվեն, և դատավորին փոխելով՝ մենք այդ գործերի ավարտը հետաձգում ենք որոշակի ժամկետով։  

- ԱԱԾ-ն դեռևս նախորդ տարվա հուլիս ամսից քրեական գործի շրջանակներում առգրավել է դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները՝ փորձաքննության համար։ Այս ողջ ընթացքում դատավորներին գործերը մակագրվում են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ, այսպես ասած, ձեռքով։ Արդյոք չի՞ խախտվում դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման կարգը, Դուք հետևո՞ւմ եք այդ գործընթացին, ունե՞ք տեղեկություն փորձաքննության արդյունքներից։  

- Հավասարաչափ բաշխման սկզբունքը չի խախտվում, քանի որ օրենքով է հստակ սահմանված, որ եթե չկա կամ չի գործում էլեկտրոնային մակագրման համակարգը, ապա գործերը բաշխվում են ձեռքով՝ օրենքով սահմանված հերթականությամբ։ Բայց արդյոք հավասարաչափ է բաշխվում, թե ոչ՝ ես չեմ կարող ասել, որովհետև ԲԴԽ-ն չի հետևում դրան։ Դա ամեն դատարանի նախագահի պարտականությունն է։ Մինչ այժմ մենք ունենք գործերի անարդար բաշխման մասին խոսակցություններ, բայց որևէ ապացույց չկա։ 
Մենք պարբերաբար կապի մեջ ենք, գրությունով դիմում ենք ԱԱԾ-ին՝ հասկանալու, թե ինչ փուլում է գտնվում այդ գործընթացը։ Աշխատում ենք դոնորների հետ, որպեսզի կարողանանք ֆինանսավորում գտնել և այլ ծրագիր գրենք, որպեսզի գործերը էլեկտրոնային համակարգով բաշխվեն։ Չի բացառվում, որ ԲԴԽ-ն շուտով՝ առաջիկա ամիսներին, տենդերի հայտարարությամբ հանդես գա, որը ծրագիրը գրելուն ուղղված կլինի։ Այսինքն՝ անկախ ԱԱԾ-ից՝ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում նոր ծրագիր ներդնելու ուղղությամբ։  

- Ընդդիմության կողմից շրջանառվում են խոսակցություններ, մեղադրանքներ՝ ուղղված իշխանությանը՝ գործերը ձեռքով մակագրելու հետ կապված։ Նշվում է, որ այս տարբերակով իշխանությանը հետաքրքրող գործերը կմակագրվեն իշխանահաճո՝ իրենց նախընտրած դատավորներին։ Օրինակ՝ գործերը նախքան ձեռքով մակագրելը, քրեական գործ էր հարուցվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որը կարճվեց դատարանում։ Իսկ հիմա մեկ այլ դատավոր՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Բորիս Բախշիյանը, կալանավորված է։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքները, և որքանո՞վ են դրանք հիմնավոր։

- Ես այդ մեղադրանքները դիտում եմ որպես քաղաքական մեղադրանքներ, որովհետև դրանք ըստ էության հիմնականում հնչում են քաղաքական ընդդիմության կողմից։ Չկա որևէ ապացույց, որ մի դատավոր եղել է շահագրգռված, որ Դավիթ Գրիգորյանի գործը կարճի, իսկ այս մի դատավորը եղել է շահագրգռված, որ Բորիս Բախշիյանի կալանքի միջնորդությունը բավարարի։ Ե՛վ Դավիթ Գրիգորյանի դեպքում, և՛ Բորիս Բախշիյանի դեպքում վերադաս ատյանները հաստատել են ստորադաս ատյանի կողմից կայացված դատական ակտերը, ինչպես նաև դատական ակտերը կայացրած դատավորների դեմ չկան կարգապահական վարույթներ հարուցված, չկա փաստ, որ իրենք խախտում են արել։  

- Ի վերջո, արդյոք բավարար չէ՞ր լինի, որ Բարձրագույն դատական խորհուրդը  համաձայնություն տար, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ միայն քրեական հետապնդում իրականացվեր, և ոչ թե կալանավորվեր նա։

- Եթե բավարար լիներ միայն քրեական հետապնդումը, խորհուրդը համաձայնություն չէր տա և՛ քրեական հետապնդում իրականացնելուն, և՛ կալանավորելուն։ Եղել են բավարար հիմքեր դատախազի միջնորդությունը բավարարելու համար։  

- Իսկ նախկինում ԲԴԽ-ն նման որոշումներ կայացրե՞լ է դատավորների նկատմամբ։

- Իհարկե կայացրել է։ Օրինակ՝ 2020թ. Սնանկության դատարանի 2 դատավորի վարույթ մեզ մոտ էր բերվել, մենք տվեցինք համաձայնություն և՛ քրեական հետապնդման, և՛ կալանավորման, բայց դատարանները գտան, որ դատավորներից մեկը պետք է կալանավորվի, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառեցին։  

Նարա Մարտիրոսյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: